Հայկական վրիժառության սրբալույս դեմքը՝ Սողոմոն Թեհլերյան

Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896թ.-ի ապրիլի 2-ին Արեւմտյան Կարնո (Էրզրում) նահանգի Դարանաղյաց գավառի Բագառիճ գյուղում: 1896թ.-ին նրա հայրը՝ Խաչատուրը, աշխատանք փնտրելու նպատակոկվ մեկնում է Սերբիա՝ Բելգրադ, երկար տարիներ զբաղվում է առեւտրական գործունեությամբ:

19-րդ դարի երկրորդ կեսին, ամերրիկյան միսիոներների վկայությամբ եւ տեղեկություններով՝ Երզնկայում եւ հարեւան հայկական գյուղերում կային Հայ Ավետարանական եկեղեցու բազմաթիվ հետեւորդներ, որոնց մեջ, ի թիվս այլ ընտանիքների, հաշվարկվում է նաեւ Թեհլերյանի ընտանիքը:

1905թ.-ից Խաչատուրի ընտանիքը տեղափոխվում է Երզնկա, որտեղ էլ Սողոմոնը ձեռք է բերում կրթություն, ուսանելով տեղի Հայ Ավետարանական, Երզնկյան, ապա Կեդրոնական վարժարանում մինչեւ 1912թ.-ը:

Սողոմոնը մտադիր էր գնալ Գերմանիա՝ ուսումը շարունակելու նպատակով: Սակայն վրա հասած Առաջին աշխարհամարտը խառնում է պատանի Թեհլերյանի բոլոր ծրագրերը: Սերբիայից նա անցնում է Ռումինիա, այնտեղից էլ՝ Դոնի-Ռոստով եւ 1915թ.-ի փետրվարին հանգրվանում Թիֆլիսում:

Արդարության Մարտիկը

Երկար փնտրտուքներից հետո վվերջապես եկավ 1921թ.-ի մարտի 15-ը: Գիշերը Սողոմոնն անհանգիստ քնեց՝ զանազան մտքեր էին անցնում գլխով: Երազում տեսավ նաեւ մորը: Երբ առավոտյան արթնացավ, անկարող եղավ հանգստացնելու պրկված նյարդերը եւ մանկան պես լաց եղավ…

Մարտի 15-ի կեսօրին, Բեռլինի Հարդենբերգ փողոցի թիվ 17 տան առջեւ, ատրճանակի կրակոցով տապալում է մեծ ոճրագործին՝ Թալեաթին: Ատրճանակը հանելն ու Թալիաթի ծոծրակին կրակելը միայն մի ակնթարթ տեւեց, որից հետո ատրճանակը դեն նետեց, փորձեց հեռանալ, բայց ձերբակալվեց եւ տարվեց ոստիկանություն:

Սփյուռքի հայկական համայնքներում արտակարգ ցնծություն էր տիրում: Լրագրերը դեպքին ընդարձակ էջեր էին նվիրում՝ այն գնահատելով իբրեւ հայ ժողովրդի արդար վրեժի հատուցում: Պատրաստվելով Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը, հայ համայնքը հրավիրել էր Բեռլինի նշանավոր փաստաբաններին՝ դոկտոր Գորդոնին, դոկտոր Վերթաուէրին, դոկտոր Նիմայերին:

Սողոմոն Թեհլերյանի բեռլինյան դատավարությունը վերածվեց երիտթուրք ոճրագործների դատավարության: Այն պատմական մեծ իրողություն է, որը սկիզբ դրեց հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Հենց սա է Սողոմոն Թեհլերյանի «արդարության գործի» պատմական առաքելությունը:

Խիզախ Հայորդին մինչեւ 1951թ.-ը ապրել է Բելգիայում, այնուհետեւ տեղափոխվել Մարոկկոյի Կասաբլանկա քաղաք, իսկ 1957-ին՝ ԱՄՆ:
Սողոմոն Թեհլերյանը մահացել է 1960թ.-ին Սան-Ֆրանցիսկոյում: Նրա աճյունն ամփոփված էՖրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը: Թեհլերյանն ամուսնացած էր Թաթիկյանի հետ, որը նրան երկու զավակ է պարգեւել: