«Պատանեկան տուն»-ը հիմնադրած Հայրենասեր Ավետարանիչը

Հրանտ Կյուզելյանը հանարությանը հայտնի էր իր հայրենասիրությամբ: Փոխանակ իր ծննդավայրում՝ Կ. Պոլսոում, հանգիստ կյանք վարելուն՝ բավարարելով Կետիկփաշայի Հայ Ավետարանական եկեղեցու հոգաբարձության ատենապետության պատասխանատու պաշտոնով՝ նա մեկնել է Անատոլիայի խորքերը՝ հավաքելու թրքացման վտանգին ենթակա հայերին: Այնուհետեւ նրանց բերել է Թուրքիայի երբեմնի մայրաքաղաք եւ պատսպարել իր հիմնադրած «պատանեկան տանը (Քամփ Արմենի)», որպեսզի նրանց սովորեցնի մայրենի լեզուն եւ քրիստոնեական կրթություն սնուցի նրանց մեջ: 1960-1961 ուսումնական տարվա սկզբին «պատանեկան տանը» կար ութսուն երեխա:

Նրա հայրյուրավոր աշակերտներից մեկն էր Հրանտ Դինքը՝  պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝«Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականերից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով, եւ ով  սպանվեց իր ազգության, կրոնի ու սկզբունքների պատճառով: Հրանտ Դինքի ծնողները Հայ Ավետարանականներ էին:

Հրանտ Կյուզելյանը, անհիմն զրպարտությունների զոհ դառնալով՝ տանջվում է թուրքական բանտերում եւ ազատ արձակվելուց հետո ապաստանում է Ֆրանսիայում՝ հաստատվելով Մարսելում: Այնտեղ գտնում է իր ազատագրած հայորդիների զավակներին եւ նրանց էլ տալիս ազգային ու կրոնական դաստիարակություն առավելապես Պոմոն եւ Սեն Ժերոմ թաղամասերի ավետարանական եկեղեցիներում: Նրանց սովորեցնում է հայոց լեզու, շարականներ ու աղոթքներ: Այցելում է նրանց տները եւ դառնում Թուրքիայից գաղթած հարյուրվոր հայորդիների կողմից սիրված հայրիկը: