Ովքե՞ր են Հայ Ավետարանականները` ՀԱԵ-ն

«Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի» (ՀԱԵ) , այս երեք բառերը 1846թ.-ի հուլիսի 1-ին՝ Կոստանդնուպոլսում դարձան ոչ միայն կարգախոս այլեւ անվանում այն հաստատության համար, որը ծնվեց Հայ Առաքելական եկեղեցու ծոցից եւ շարունակությունն էր հայերի շրջանում տարածում գտած բարեպաշտ քրիստոնյաների շարժման: Վերապրելով Ցեղասպանությունն ու կիսելով հայկական սփյուռքի ճակատագիրը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին էլ դարձավ աշխարհասփյուռ, չնայած մինչեւ այդ էլ Արեւմտյան Հայաստանից գաղթած բազմաթիվ հայեր հիմնել էին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի: Այսօր աշխարհում 5 միություն եւ մի քանի կառույց կա, որը կանոնակարգում կամ առնչվում է ՀԱԵ գործունեությանը: Միությունները համակարգում է Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու համաշխարհային խորհուրդը:

1.Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միությունը, որի կազմում է նաեւ սփյուռքում գործող միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայկազյան Համալսարանը:

2.Ֆրանսայի եւ Եվրոպայի Հայ Ավետարանական Միությունը

3.Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միությունը

4.Եվրասիայի Հայ Ավետարանական Միությունը

5.Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Միությունը, որի մեջ մտնում է  Հայաստանում եւ  Արցախում գործող մոտ 30 եկեղեցական կառույց:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հովիվը Հայաստանում՝ Վեր.Մկրտիչ Մելքոնյան է, խորհրդի ներկայիս նախագահը՝ Վեր.Գեւորգ Գասպարյանը:

6.Բարեգործություն իրականացնող  Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը (ԱՀԱԸ), որը ոչ եկեղեցական կառույց է, բայց համագործակցում է ՀԱԵ-ի հետ:

7.«Փիլիպոսյան»  հիմնադրամ, որն աջակցում է Աստվածահաճո եւ հայրենանպաստ բոլոր ծրագրերին:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին առնչություն ունի միայն վերը նշված միությունների եւ կառույցների հետ: Հարգելով մյուսների գործունեությունը, որեւէ (պատմական, կառուցվածքային կամ դավանաբանական) առնչություն չունի «Ավետարան» կամ «Ավետարանական» բառերն իրենց անվանման մեջ կրող այլ կրոնական կառույցների հետ: Մեր անվանումը 3 բառից է բաղկացած՝ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի: