Մանուկների տոնը նշեցին նաեվ ՀԱԵ-ում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Հայաստանի եւ Արցախի տարբեր քաղաքներում, յուրահատուկ միջոցառումներով նշեց երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Հարավ Արեւմտյան թաղամասում, օրինակ, երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ, փոքրիկ նկարիչների ցուցահանդես էր կազմակերպվել: ՀԱԵ նկարչական խմբի սաների աշխատանքների բացօթյա ցուցահանդեսը հարուստ էր գույներով, հեքիաթներով, ժպիտներով և երազանքների իրականացման հույսերով: Խմբակի պատասխանատու Մարիամ Դաշտոյանի համոզմամբ՝ բոլոր երեխաներն էլ նկարիչներ են, որովհետեւ նրանք չեն կեղծում, չեն փորձում հաճո լինել մարդկանց աչքին և վերարտադրում են այն, ինչ Աստված է դրել նրանց մեջ։ Շնորհավորում ենք մեր փոքրիկ նկարիչներին և մաղթում, որ Աստված Իր  ամենասիրուն գույներով ներկի նրանց կյանքերը:

ՀԱԵ Բաղրամյան 18-ում էին հավաքվել Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու քրիստոնեական դաստիարակության, գեղարվեստական խմբերի և Հայ Ավետարանչական Ընկերակցության հովանավորված երեխաները, կիրակնօրյա դպրոցների սաները և հրավիրված բազմաթիվ երեխաներ: 
Երգի, երաժշտության հնչյունների ներքո ասպարեզ մտան ծաղրածուն, հեքիաթների հերոսները, որոնք շուրջպար բռնելով տոնը դարձրին էլ ավելի ուրախ: Երեխաները միասին պարեցին, խաղացին, արտասանեցին: Բացօթյա միջոցառումից հետո բոլորը տեղափոխվեցին դահլիճ և դիտեցին ՅՈՒՆԻՄԱ-ՀԱՅԱՍՏԱՆԻ «Կարապետ» տիկնիկային թատրոնի (գեղ. ղեկավար՝ Արմեն Սաֆարյան) «Ճշմարտախոս Մասսարոն» ներկայացումը, որի հիմքում Աստվածաշնչյան «Մի՛ ստիր» պատվիրանն է:
Ներկայացման ավարտին մանուկներին մեկ այլ անակնկալ էր սպասվում՝ բոլորը տուն վերադարձան յուրահատուկ նվերներով:

Նվերներ ստացան նաեւ Շիրակամուտի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու մոտ 200 մանուկներ եւ պատանիներ:Երեխաների պաշտպանության օրվա խորհուրդը Շիրակամուտում հիշեցին հունիսի 4-ին: Հետաքրքիր, զվարճալի եւ ինտելեկուալ խաղերով հագեցած ծրագիրը շարունակվեց միասնական փառաբանությամբ, որի ընթացքում արծարծվեց «Ես ապահով եմ Աստծո ձեռքերի մեջ» թեման։ Միջոցառման նպատակը ոչ միայն երեխաներին զվարճացնելն էր, այլեւ նրանց մեջ սերմանելն այն գիտակցումը, որ իրենք ապահովված եւ պաշտպանված են միայն Աստծո միջոցով։ Մանուկները տուն վերադառնալուց առաջ եկեղեցաշենքի արտաքին պատին թողեցին իրնց փոքրիկ ձեռնահետքերը, որպեսզի նորից վերադառնան: