«Վերնատուն»՝ հովիվները Հովվի հետ

2020թ.-ի առաջին «Վերնատունը» տեղի ունեցավ փետրվարի 24-25-ը,  Երևանում՝ Բաղրամյան 18 հասցեում գտնվող Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում (ՀԱԵ): Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ՀԱԵ հոգեւոր հովիվները միասին սերտեցին, սովորեցին, քննարկեցին ու աղոթեցին: Ինչպես  12 աշակերտներն էին իրենց ուսուցչի` Տեր Հիսուս Քրիստոսի հետ վերնատանը ժամանակ անցկացնում, այնպես էլ ՀԱԵ հոգեւոր հովիվներն էին միավորվել Աստծո ներկայության մեջ՝ վայելելով այդ ներկայությունը նաև իրար հետ հաղորդակցության ընթացքում: «Վերնատան» կարեւոր առաքելություններից է նաև  Աստծո խոսքի սերտողությունը` տարատեսակ զեկուցումների ու դասախոսությունների տեսքով: Այս անգամ խոսնակը ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանն էր, ով խոսեց Մկրտության, ավետարանչության և պաշտամունքի մասին: Առաջին օրը վերապատվելին անդրադարձավ, թե ի՞նչ է ասում Աստվածաշունչը մկրտության մասին, ի՞նչ արարողակարգ է այն ենթադրում, ո՞վ կարող է մկրտել և ու՞մ: Երկրորդ օրը Վեր. Մելքոնյանը խոսեց  ավետարանչության և պաշտամունքի մասին՝ նկատելով, որ ավետարանչության կարիք կա այնտեղ, որտեղ չկա պաշտամունք, քանի որ մեկից է բխում մյուսը, իսկ պաշտամունքն այն նպատակն է, որի համար ստեղծվել և փրկվել ենք: Վերապատվելին, խոսքի վերջում մեջբերելով Գործք Առաքելոց 1.14 համարը, կոչ արեց հովիվներին ամեն բանից առաջ աղոթել. կյանքը զոհելու պատրաստ ավետարանչի նման աղոթել:
Նշենք, որ «Վերնատուն» խորհրդանշական անվանումը կրող այս հանդիպումների նպատակը ամիսը մեկ անգամ ՀԱԵ բոլոր հովիվներին 24 ժամով մեկտեղ հավաքելը, Աստծո հետ աղոթքով ժամանակ անցկացնելը, տարբեր հոգեւոր թեմաների շուրջ բաժնեկցելն ու իրար քաջալերելն է: