Կոչ աշխարհասփյուռ ավետարանականներին

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, գործընկերներ, հավատակիցներ,

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին, լինելով Հայ եկեղեցու և հայ ժողորդի մեկ անբաժան մասը,
այսօր իր ձայնն է բարձրացնում մի չափազանց կարևոր ու հրատապ խնդրի առնչությամբ և դիմում է ձեզ
Հայաստանից:

Ինչպես հավանաբար արդեն շատերդ գիտեք, սեպտեմբերի 27-ից Հարավային Կովկասը դարձավ մի թեժ և
եռացող կաթսա: Տարածաշրջանը ծայրաստիճան անկայունացավ, քանի որ Ադրբեջանի
Հանրապետությունը, ունենալով Թուրքիայի անվերապահ ու բազմաշերտ աջակցությունը և իր ձեռքի տակ
շահագործելով Սիրիայից ու Լիբիայից բերված վարձկան ահաբեկիչներին, բացահայտ կերպով լայնածավալ
պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ:

Լեռնային Ղարաբաղը՝ պատմականորեն Արցախը, իրավական հիմքերով հայկական տարածք է, դարեր
շարունակ ունեցել է իր հայկական իշխանությունը և մեծամասնաբար բնակեցված է եղել հայերով, հիմա
էլ բնակեցված է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերով: Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը լեցուն է
հայկական հազարամյա մշակութային, կրոնական, հոգևոր և ճարտարապետական ժառանգությամբ, որն
արտահայտված է վեհաշուք եկեղեցիներով, հնամենի և զարմանահրաշ վանքերով, հազարավոր ձեռագործ
խաչքարերով, անառիկ ու հոյակերտ բերդերով, ամրոցներով ու նախաքրիստոնեական քաղաքների
մնացորդներով:

Լեռնային Ղարաբաղը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ՝ դեռ Սովետական Միության փլուզումից
սկսած: Այս հակամարտության լուծման մանդատը միջազգայնորեն վերապահված է Մինսկի խումբ կոչվող
կառույցին, որի գործադիր մարմինը (անմիջականորեն զբաղվում է հակամարտության կարգավորմամբ)
կոչվում է Մինսկի խմբի եռանախագահություն: Եռանախագահ երկրներն են՝ ԱՄՆ, Ռուսաստանը և
Ֆրանսիան, իսկ բանակցող կողմերն Ադրբեջանն ու Հայաստանն են:

Եվ ահա անտեսելով այս ամենը` Ադրբեջանը կոպիտ և ագրեսիվ ձևով խախտեց հակամարտության խաղաղ
կարգավորման գործընթացն ու պատերազմ սկսեց: Պատերազմի նպատակը Լեռնային Ղարաբաղն
անօրինական ձևով գրավելը, տեղի հայ ժողովրդին բնաջնջելն ու տեղահանելն էր: Այլ կերպ ասած՝ սա
ցեղասպան պատերազմ էր, որը նաև ոճիր է ամբողջ քաղաքակիրթ մարդկության դեմ: Սա նաև պատերազմ
էր քրիստոնյաների դեմ: Անշուշտ մեզ՝ հայերիս համար սա պատերազմ չէր մուսուլմանական աշխահի դեմ,
քա՛վ լիցի: Բայց Ադրբեջանի համար սա պատերազմ էր նաև քրիստոնեկան հավատքի, մշակույթի ու
քաղաքակրթության դեմ: Սրա վառ ապացույցը պատերազմի ընթացքում բազում եկեղեցիների ու
քրիստոնեական կոթողների կանխամտածված ոչնչացումն էր:

Այսպիսով, սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը տևեց 44 օր: Պատերազմի ակտիվ փուլն ավարտվեց
նոյեմբերի 9-ին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրով:
Պատերազմի արդյունքում զոհվեցին հազարավոր հայ քրիստոնյաներ և հազարավորներ էլ վիրավորվեցին:
Տասնյակ հազարավոր քրիստոնյա մեր քույր-եղբայները մնացին անտուն և կորցրին իրենց ունեցվածքը:

Համաձայնագիրն ունի մի քանի կետեր, որոնցից մեկը ռազմագերիների փոխանակումն է: Հիմա՝ այս
պահին, Ադրբեջանում գտնվում է 100-ից ավելի հայ գերի, որոնց մեծ մասը զինվորականներ են, բայց կա
նաև 10-ից ավելի առևանգված քաղաքացիական անձ, որոնց մի մասն առևանգվել է համաձայնագրի
ստորագրումից օրեր անց:

Ադրբեջանն այս օրերի ընթացքում իր կատարած պատերազմական բազում հանցագործությունների կողքին
հիմա էլ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները և հայկական կողմին չի հանձնում հայ
գերիներին: Այս պետությունն արհեստականորեն և անօրինական կերպով երկարաձգում է գործընթացը:
Բայց առավել սարսափելին այն է, որ ադրբեջանական կողմը մեր գերիներին պահում է անմարդկային և
մարդատյաց պայմաններում: Նրանք իրենց իշխանությունների մակարդակով շարունակաբար ու բացահայտ
կերպով ֆիզիկապես խոշտանգում, տանջում և հոգեպես ու բարոյապես նվաստացնում են մեր գերիներին:
Նրանք չեն էլ թաքցնում այս ոճիրը և կարծես թե թքած ունեն միջազգային հանրության ու կառույցների
վրա, քանի որ համացանցում իրենց կողմից տեղադրվում ու տարածվում են ադրբեջանական
ոճրագործությունները փաստող նկարներ, տեսանյութեր։

Հիմա մենք էլ մեր հերթին մեր ձայնն ենք բարձրացնում և արդարության կոչ ենք հղում ձեզ և խոնարհաբար
խնդրում, որպեսզի ցավակից ու կարեկից լինեք ձեզնից հեռու ապրող քրիստոնյա հավատակից հայ
եղբայրների ցավին և նրանց նկատմամբ դրսևորվող բացահայտ անարդարությանը: Եղբայրական կոչ ենք
ուղղում ձեզ, որպեսզի ձեր գտնված վայրերում կարելիության չափով ձեր լծակները և ուժը ներդնեք, պետք
եղած քայլերը ձեռնարկեք հայ գերիների հարցի բարձրաձայնման և շուտափույթ լուծման համար:
Արդարությունն ու խաղաղությունը քրիստոնեական մեծագույն առաքինություններից, արժեքներից են, և
արդարության հաղթանակը բոլորիս հաղթանակն ու Աստծո սիրո դրսևորումն է բոլորիս կյանքում:
Բոլորս մխիթարվում ենք Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի այն խոսքերից, որտեղ Նա հռչակեց իր
ծառայության էությունը՝ ասելով. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև Նա Ինձ օծեց՝ աղքատներին
ավետարանը քարոզելու, Ինձ ուղարկեց սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին փրկություն քարոզելու
և կույրերի աչքերը բանալու, ճնշվածներին ազատելու, Տիրոջ ընդունելի տարին հռչակելու» (Ղուկաս
4:18-19)։ Սա մեզ համար մխիթարություն է և նաև մեր առաքելության ու ծառայության հռչակումն է:

Տերը թող օրհնի ու պահի բոլորիս: