ՀԱԵ ՔԴ աշխատակազմի այցն Արցախ

«Եկեղեցու պատանյաց և աշակերտաց խմբի երեխաները, այս ամբողջ ընթացքում նոր որակներ ձեռք բերելով, նորովի զգալով Աստծո հետ հարաբերության կարևորությունը, հաճախ իրենց քայլերով այնպիսի հասունություն էին ցուցաբերում, ինչպիսին չէինք կարող տեսնել որոշ մեծահասակների մեջ։ Ցանված սերմերն իրապես նոր տեսակի պտուղ են տալիս»,- ՀԱԵ ՔԴ բաժնի տնօրեն վեր․ Ավետիք Խաչատրյանը կիսվում է Արցախյան տպավորություններով՝ ընդգծելով՝  Աստված փառավորվում է նման պատանիների, երիտասարդների, և ինչու ոչ, նաև՝ մանուկների կեցվածքով։

ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության բաժնի աշխատակիցներ Անահիտ Սիմոնյանը, Շուշան Ենգիբարյանը և տնօրեն վեր․ Ավետիք Խաչատրյանը դեկտեմբերի 9-ից մինչև 12-ը գտնվում էին Արցախի Հանրապետությունում։ Այցելության նպատակն էր Արցախի ՔԴ ծառայողներին հոգևոր խնամք տանելը, քաջալերելը ու նեցուկ կանգնելը, կարիքների վերհանումն ու խնդիրների հարթեցումը:

Կարճաժամկետ, սակայն արդյունավետ օրերի ընթացքում աշխատանքային խմբի անդամները փորձեցին Աստծո խոսքի առաջնորդությամբ, հույսով լի, պարարտ հող պատրաստել հետագա ծառայությունների համար։

Այս օրերի ընթացքում՝ ոչ ֆորմալ հանդիպում երիտասարդների և ծառայողների հետ, երիտասարդաց ու ծառայողական ժողով, Շուշիի և Ստեփանակերտի աշակերտաց խմբերի հանդիպում, սրանց կողքին` անհատական այցելություններ և սրտից սիրտ հաղորդակցություն։ Ամբողջ ընթացքում առանցքային էր Աստծո խոսքի սերտումը, որն ավելի արժեքավոր ու գնահատելի էր դարձել հետպատերազմյան աչքերով։

 «Չնայած հատկապես Շուշիի պատանիների, երիտասարդների համար ավելի դժվար է, քանի որ կարծես իրենց ինքնության մի մասն են կորցրել, բայց անհուսություն չկար, ընդհակառակը, իրենց մոտ գերակշռում էր «ինչ էլ լինի, Աստծո ներկայության մեջ ենք» միտքը»,- նշում  է Շուշան Ենգիբարյանը, իսկ Անահիտ Սիմոնյանը հավելում է․ «Նրանք ավելի ամուր ոտքերի վրա են կանգնած, ավելի համառ են ապրելու, արարելու հարցում։ Անցնում են ներկայի մեջ չլճանալու, դժվարությունները որպես առաջ մղող միջոց օգտագործելու ընթացք և հույսով առաջ են շարժվում»։ Հույսի մասին խոսելիս՝ ՔԴ ծառայողը չի մոռանում մանուկների, պատանիների և երիտասարդների սրտում հույս արթնացնող քայլերից մեկի մասին՝ պատմում է, որ այցելության ընթացքում փնտրել են ամառային ճամբարի համար նախատեսված հարմար տարածք․ «Թեև մեր ճամբարը մնաց Շուշիում, սակայն շենքի կորստով ճամբարը, ճամբարային օրերը, Աստծո գործը չի ավարտվում․․․ մենք նոր շենք կունենանք՝  նոր ճամբարային օրերով ու Աստծո Խոսքի նոր բացահայտումներով լեցուն»։

Թեհմինե Առաքելյան