Համագումար հովվի ու նրա ընտանիքի համար

 Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված նամակում թվարկում է հովվի հատկությունները ծառայության մեջ, անդրադառնալով նաեւ հովվի ընտանիքին:«Լավ վերակացու» այսպես է Պողոսը նկարագրում հովվին իր ընտանիքում Ա.Տիմոթեոս 3.4 համարում: 

Հոկտեմբերի 11-14-ը Աղվերանում կազմակերպված համագումարը Հայաստանի տարբեր քաղաքների ՀԱԵ հովիվների ու նրանց ընտանիքների համար էր: Առաջին անգամ, ավելի քան 100 հոգի`մոտ 30 հովիվ իրենց կանանց ու երեխաների հետ, ոչ միայն տեսականորեն սերտեցին ու սովորեցին Աստծուն հաճելի ընտանիքի կանոնները, այլեւ մեկը մյուսի համար վկայություն եղան:

Համագումարի խոսնակներն էին ՀԱԵ ավագ հովիվ Վեր. Մգրդիչ Մելքոնյանն ու նրա կինը`տիկին Հուրին, ինչպես նաեւ ավելի քան 10 տարի Սանտա Բարբարայի Ուեսթմանթ քոլեջի հոգեւոր տեսուչ, «Christiany Today» եւ «Leadership Journal» պարբերականների պատասխանատու խմբագիր ու մի շարք գրքերի հեղինակ Վեր. Բեն Փիթթերսոնն ու նրա կողակիցը` տիկին Լորետան:  

Վեր. Բեն Փեթթերսոնը եւ Վեր. Մգրդիչ Մելքոնյանը  համագումարի ընթացքում Հովիվների համար դասախոսություններ կարդացին հովվի կոչումի, ընտանիքում նրա դերի մասին: Նրանց կանայք` տիկին Լորետան եւ Հուրին, ովքեր ոչ միայն որպես հովվի կին, այլեւ որպես քրիստոնեական դաստիարակության մասնագետներ երկար տարիների փորձառություն ունեն,  հովիվների կանանց սովորեցրեցին ընտանիքի համար աղոթքի կարեւորության, երեխաներին դաստիարակելու Աստվածահաճո մեթոդների մասին:

Վերապատվելի Մգրդիչ Մելքոնյանը հովիվների ու նրանց կանանաց հետ խոսեց ընտանեկան հարաբերությունների, ամուսնության հիմնական կարիքների, համատեղ կյանքում ծագող խնդիրների, ու դրանք միասին լուծելու ուղիների մասին: Համագումարի օրերին Վեր. Մելքոնյանն առանձին հանդիպումներ ունեցավ նաեւ հովիվների 13 տարեկանից բարձր երեխաների հետ: Խոսեց հովվի զավակի դերի ու առանձնահատկությունների մասին, որպես օրինակ ներկայացրեց փորձառու հովիվների երեխաների կյանքի վկայությունները: