Կանանց համագումար Հանքավանում

 Հունիսի 6-18-ը, Հայաստանի 20 քաղաքներից, Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցիների 155 կին մասնակցեցին Հանքավանում կազմակերպված «Թող քո հավատքի համեմատ քեզ լինի» խորագրով կանանց համագումարին:Խոսնակ Սալբի Ներսեսյանը համագումարի առաջին օրը  խոսեց աղոթքի մասին, կարեւորեց այն փաստը, որ  աղոթքը ոչ միայն մենախոսություն է, այլեւ երկխոսություն, հաղորդակցություն Աստծո հետ: Ուստի կարեւոր է ոչ միայն խոսելն աղոթքի ժամանակ, այլեւ լռության մեջ մնալն ու մեր սրտում Աստծո պատասխանը լսելը: Համագումարի երկրորդ օրվա թեման էր “Լեզու՝ ես և ուրիշները”: Շեշտադրվեց խոսքի կարեւորությունը: Քանի որ Խոսքով Աստված արարեց աշխարհը, ուստի մեր խոսքն էլ կարող է արարել կամ քանդել: Խոսնակը հորդորեց զգուշորեն ընտրել խոսքերը, որպեսզի լսողի համար շինություն լինեն: Համագումարի ընթացքում Սալբի Ներսեսյանը Խոսեց նաեւ վախերի մասին:  “Վախեր՝ ես և հանգամանքները” թեմայով սերտողության ընթացքում շեշտադրվեց այն ճշմարտությունը, որ կատարյալ սերը վանում է ամեն վախ, ու ամեն իրավիճակում Աստված մեզ հետ է, մեր մեջ է, մեր կողքին, մեր վերևում ու մեր շուրջը: Յուրաքանչյուր թեմայով սերտողությանը հաջորդեցին առանձին խմբային քննարկումները, որոնք շատ ավելի ամրապնդեցին սերտողության ընթացքում հնչած ճշմարտությունները և դրանք գործնականում կիրառելու որոշումները: