ԳՈՐԾՈՂ ՀԱՎԱՏՔԸ ՍԱՀՄԱՆԻՆ

«Խոսակցականից դուրս էր եկել «բախտս բերեց» արտահայտությունը, արդեն բոլորն ասում էին. «Աստված պահեց, Աստված փրկեց․․․»,- պատերազմի մասնակից Հայկ Էդիլյանը, չնայած զինընկերներ կորցնելու ցավին, այնուամենայնիվ, խոսքի շեշտադրումներում մատնում է ներքին ուրախությունը, որ շատերի շուրթերը սառեցին ոչ թե բախտ, այլ Աստված արտասանելով։ 

Եկեղեցին կոչված է ոչ միայն հավատքի ամուր հիմքեր ստեղծելու, այլ նաև ազգապաշտպան, քաջարի սերունդներ կրթելու, դաստիարակելու։ Սրա վառ օրինակն են այն զավակները, ովքեր անձնվեր կերպով իրենց կյանքը վտանգեցին, ժամանակը զոհեցին՝ սահմանին կամ թիկունքում լավագույն կերպով պայքարելով հանուն հայրենիքի պաշտպանության։ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու հարյուրից ավելի անդամներ էին լծվել այս ամենին, ովքեր անգնահատելի են ինչպես եկեղեցական կյանքում, այնպես էլ հայրենքի պաշտպանության գործում։ Դժվար է թվել բոլորի անունները, սակայն դյուրին ու նկատելի է այն փաստը, որ հավատքի ցանված սերմերը ճիշտ ժամանակին պտուղ են տվել։ 

ԿԱՄԱՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԻՆ/ ես կամավոր եմ

«Տան անդամները չգիտեին գտնվելուս վայրը, վերադարձից հետո են տեղեկացել։ Մտածում էին ՀՀ սահմանին եմ․ հեռու, բայց ապահով ու անվտանգ։ Իրենց գործն էլ այն է եղել, որ անհանգստությունը դրդել է ավելի շատ աղոթել տղաների և ինձ համար»,- պատմում է Հայկ Էդիլյանը՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ծառայող եղբայրներից մեկը, ով կամավորագրվելով գնացել է իր պարտքը կատարելու Ջաբրաիլի, Հադրութի շրջաններում։ Հիշելով վերջին իրադարձությունների մասին՝ շեշտադրում է, որ պատերազմներն ու բախումները սիրո պակասից են․ «Եթե սեր լինի մարդկանց մեջ, իրար կհանդուրժեն և որևէ տարածք չի կարողանա պատերազմի առիթ դառնալ։ Սիրո պակասից են առաջանում անխաղաղ իրավիճակները»։ 

Խաղաղության պահպանումը սկսվում է յուրաքանչյուր մարդու սրտում և ավարտվում իր մեծ ընտանիքում՝ աշխարհում, ընդ որում՝ մեկի կայունությունից է կախված մյուսի համընդհանուր պահպանումը։ Երկրի վրա մարդուն մնայուն ներքին խաղաղություն չի կարող տալ ոչ մի երևույթ, այլ միայն Ինքը՝ Խաղաղության Աստված։ Հետևաբար, անխաղաղ լինելով Աստծո հետ՝ անխաղաղ ենք մեր սրտերում, որը հանգեցնում է աշխարհում խաղաղության խաթարման։ 

 «Իհարկե, ներքին տագնապ կար, բայց դա խաղաղվում էր այն համոզման կողքին, որ Աստված ամեն բանի վերահսկիչն է։ Անհավատ զինընկերներս եկել էին այն գիտակցմանը, որ այստեղ փրկողը բախտի գործոնը չէ։ Մի վայրից մյուսը տեղափոխվելիս անպայման աղոթում էին տերունական աղոթքը, ընդ որում՝ որոշ ժամանակ հետո իմ առաջարկելու կարիքը չկար, զինվորներն իրենք էին հասել այդ գիտակցմանը, որ խաղաղությունը միայն Աստծուց է, կար ամեն բան Աստծուն հանձնելու որոշումը»,- հիշում է Հայկը։

Որքան մոտ է մահվան շունչը, այնքան կարևոր է դառնում հավիտենական կյանքի մասին վկայելը․ այս գիտակցումով էր Հայկը պատմում Փրկչի մասին՝ օգտագործելով յուրաքանչյուր առիթ և նկատելով փոփոխության յուրաքանչյուր նշույլ։ 

«Ամսի 10-ին մոտեցա տղաներին ու տեսա՝ օնլայն Աստվածաշունչ են լսում։ Այն հատվածն էր, որտեղ ասվում է, եթե մենք սիրենք նրան, ով մեզ է սիրում, սրանից մեզ ի՞նչ օգուտ։ Մի փոքր խոսեցինք, հարցեր տվեցին ու սա առիթ դարձավ Աստծո մասին նորից խոսելու։ Ամեն դեպքում սերմեր ցանվեցին, հիմա Աստված գիտի՝ ինչ կանի, յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք կտանի»։ 

Խոսելով Աստծո խոսքը վկայելու կարևորության մասին՝ կամավորականը չի մոռանում պատմել այն հրաշքները, որոնք եկան տեսանելի ձևով ցույց տալու, թե ինչպես կարող է Աստված պահել իր կյանքը՝ հաստատելով «առանց իմ գիտության ոչ մի տերև չի ընկնի» խոսքն իր կյանքում։ 

«Հոկտեմբերի 22-ին նոր ծնունդ էր։ Ուժեղ հրետակոծություն էր սկսվել։ Ապահով տեղավորվելու նպատակով տղաներն իջան ձոր, իսկ ես մի տղայի հետ տեղավորվեցի թմբի վրա։ Ձորում ավելի ապահով էր, քանի որ հազվադեպ էին արկն այնտեղ գցում, տղաները կանչում էին։ Արդեն ուզում էի իջնել, սակայն մի բան, ներքին զգացում հետ պահեց ինձ։ Իհարկե շատ ցավալի էր, բայց արկը ձորի մեջ ընկավ, և զոհվեցին մյուս ընկերներս, սակայն Աստծո ողորմածության շնորհիվ փրկվեցի ես։ Բոլոր օրենքներով ձորի մեջ պետք է լիներ ապահով տեղը, և նույն բոլոր օրենքներով իմ տեղն ամենաանապահովն էր․․․»։

ՇԱՐՔԱՅԻՆԸ ՍԱՀՄԱՆԻՆ/ ես շարքային զինծառայող եմ 

Կամավորականի ընթացքի կողքին նույնքան կարևոր, Աստծո անսահման գթառատության վրա զարմացնող և Նրան փառավորող են ՀԱԵ զավակներից մեկ ուրիշի՝ Տիգրան Սաքանյանի պատմությունները, ով պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայող էր Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, այնուհետև Մատաղիս գյուղում։

 «Մի անգամ՝ գործս զինտեխնիկայի վրա վերջացնելուց հետո, 10-15 մետր հեռու գնացի, կապվեցի հրամանատարիս հետ, ու մի քանի վայրկյան անց հարվածեցին զինտեխնիկային, հարվածի ալիքն ինձ հեռու շպրտեց։ Հիմա զարմանում եմ՝ ոնց եմ փրկվել, որովհետև հետո նայեցինք՝ հողն ամբողջությամբ ոչնչացված էր»,- պատմում է ու հավելում, որ սա Աստծո գործն է, հաջողակ լինելու գործոն չի կարող լինել։  

Այսպիսի իրավիճակներում՝ աշխարհի անապահով ընթացքի միջով անցնելիս, բախվելով կյանքին սպառնացող վտանգին՝ մենք՝ անհաստատներս, մենք՝ խաղաղության ժամանակ տատանվող նավերս, համոզվում ենք՝ պետք է հաստատվենք միակ կայուն և մնայուն վեմի վրա, որն է՝ Աստված։ 

 «Մարտական գործողությունների ժամանակ մի քանի հոգով գնում էինք մեկ այլ հատված՝ իրեր տեղափոխելու։ Ճանապարհին մի ծանոթ մարդ տեսանք, կանգնեցինք, սկսեցինք զրուցել։ Հանկարծ հարվածում են հենց այն հատվածին, որտեղ արդեն հասած կլինեինք, եթե տվյալ մարդուն հանդիպած չլինեինք։ Ընդամենը 10 մետր հեռավորության վրա էինք, երբ հարվածի ալիքը նորից մեզ շպրտեց մի կողմ, սակայն Աստված պահեց կյանքս։ Շնորհակալություն հայտնեցի մեզ հանդիպած մարդուն, ասացի՝ Աստված էր քեզ ուղարկել, սկզբում ժխտեց՝ ասելով՝ բախտի բերմամբ էր, բայց որոշ ժամանակ անց իր բերանով ասաց, որ եթե Աստված չլիներ, մենք չէինք փրկվի»։

Պատերազմը եկավ կարևորություն տալու խաղաղությանը, պատերազմը եկավ կարևորություն տալու առանց ռումբերի ձայնի, եկեղեցաշենքերում լռության ու միաբանության մեջ աստվածապաշտությանը։ Պատերազմը եկավ կարևորություն տալու գործող հավատքին։ Հավատքի գործոնի մասին Տիգրանը մի պատմություն է հիշում։

«Ընդհանրապես առաջին օրվանից Աստվածաշունչ էի կարդում, ու շատ հարցեր էին տալիս։ Ծառայությանս ընթացքում տղաներից մեկը նույնիսկ խնդրեց իմ Աստվածաշունչը նվիրեմ իրեն։ Պատերազմի օրերին մի առավոտ արթնացա ու դրսից ինչ որ մեկի ձայնն էի լսում, մոտեցա, տեսա՝ աղոթում է, ասաց՝ բարձր աղոթում եմ, որ Աստված լավ լսի, ես էլ ասացի՝ Ինքը քեզ ամեն ձև լսում է»,- ժպիտով հիշում ու հավելում է, որ տարբեր առիթներ են եղել Աստծո մասին խոսելու, քննարկելու տարբեր հարցեր։ 

Նրանց նման բազմաթիվ տղաներ շուրջ երեք ամիս հավատքը սրտում, զենքը ձեռքում՝ առաջ էին գնում, ոչ թե սպանելու, այլ պահելու ու պաշտպանելու հայրենիքը, ընկերոջը, ընտանիքը, հավատքը։ Եվ Աստծո Խոսքի վրա հիմնված սեփական օրինակով ցույց էին տալիս իրական, գործող հավատքը՝ վկայելով Նրա անսահման սիրո, իրավիճակներից անկախ փրկության և այս կյանքով չսահմանափակվող իրականության մասին։ 

Եվ, ի վերջո, սահմանին կամ առօրյա կյանքում ընթացող «պատերազմներում» կամավոր թե պարտադիր հանդիպելով դժվարությունների՝ կարևոր է, որ գործի դնենք մեր ծառայության հոգին՝ հիշելով, որ ամեն բան, ինչ անում ենք, լավագույն կերպով անենք, ինպես որ կանեինք մեր Երկնավոր Հոր համար՝  հավատքը գործող դարձնելով։

Թեհմինե Առաքելյան