ՀԱԵ Սիսիանի համայնքը նոր՝ վերանորոգված շենք ունի

2018թ.-ի ապրիլի 27-ը յուրօրինակ էր Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) Սիսիանի համայնքի համար: Հանդիսավորությամբ բացվեց Հույս Հայաստանի համար (ՀՀՀ) կազմակերպության եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) աջակցությամբ վերանորոգված շենքը: Այս կառույցը հոգեւոր եւ կրթամշակութային յուրօրինակ համալիր է սիսիանցիների համար: Մեկ հարկի տակ ՀԱԵ-ն քրիստոնեական դաստիարակություն է իրականացնելու եւ պաշտամունքներ մատուցելու Աստծուն, ԱՀԱԸ-ն բարեգործական ծրագրեր է իրականացնելու եւ ցերեկային կենտրոնի աշխատանքներն է կազմակերպելու:

Նավակատիքի արարողությանը ներկա էին ինչպես ՀԱԵ Սիսիանի համայնքի անդամները, այնպես էլ ՀԱԵ տարբեր համայնքների հովիվներ եւ ծառայողներ, ԱՀԱԸ եւ ՀՀՀ ներկայացուցիչներ, Ֆրանսիահայ բարերարներ, ինպես նաեւ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը:

Կարմիր ժապավենը կտրեցին  ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը, ԱՀԱԸ հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը եւ նվիրատուները, որին հաջորդեց տոնական միջոցառումը՝ համեմված երգերով, ողջույնի, շնորհակալանքի եւ հիշատակի խոսքերով՝ նվիրված Քիուրքչյան, Ղազարոսյան ընտանիքներին որոնց անունը կկրի նրանց ժառանգներրի ներդրումներով վերանորոգված շենքը:

Սիսիանում բարեգործական առաքելությունն ու հոգեւոր ծառայությունը ԱՀԱԸ-ն եւ ՀԱԵ-ն սկսել են 2001թ.-ից: Շենքը, որի նավակատիքն էր այսօր, գնվել է ՀՀՀ-ի աջակցությամբ՝ 2004թ.-ին եւ գտնվում էր անմխիթար վիճակում: Դժվարությունները, սակայն, ոչ մի վայրկյան չխանգարեցին Գորիսի ՀԱԵ-ի ծառայողներին շարունակական առաքելություն իրականացնել Սիսիանում, մինչեւ 2015թ.-ը, երբ Սիսիանի ՀԱԵ-ն մշտական հովիվ, իսկ ԱՀԱԸ մշտական ներկայացուցիչ ունեցան: Պատվելի Արման Մարտիրոսյանը, համատեղելով գրասենյակի աշխատանքներն ու եկեղեցական ծառայությունները, նոր ընթացք ու թարմություն հաղորդեց Սիսիանի համայնքին: