Համաշխարհային Աղոթքի օրը՝ ՀԱԵ կանանց եւ մանուկների մասնակցությամբ

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Երեւանի եւ հարակից քաղաքների կանանց սերտողության խմբերը նշեցին համաշխարհային աղոթքի օրը: Մարտի 4-ին, ՀԱԵ Բաղրամյան 18-ում, կանայք, փառաբանության պաշտամունքից բացի, հնարավորություն ունեցան ծանոթանալու Հարավ-Արևելյան Ասիայում գտնվող Ֆիլիպինյան Հանրապետությանը, որին նվիրված էր այս տարվա աղոթքի համաշխարհային օրը: Դահլիճում հավաքված մոտ 80 հայ քրիստոնյա կանայք լսեցին, տեսան ու ծանոթացան Ֆիլիպինների մշակույթին, այնտեղ ապրող կանանց խնդիրներին ու հոգեւոր կյանքին, շատ զուգահեռներ տեսնելով սեփական երկրի խնդիրների ու մարտահրավերների հետ: Համաշխարհային աղոթքի օրվա թեման այս տարի «Աստծո արդարությունն» էր, պատգամի հատվածը՝ Մաթեւոս 20:1-16 համարները: Պատգամաբեր՝ պատվելի Գագիկ Դանիելյանը, խոսեց տարատեսակ խնդիրներում անարդարության մարդկային չափանիշների եւ Աստծո մնայուն ու անփոփոխ արդարության մասին: Վերջում՝ ՀԱԵ կանանց խմբերի առաջնորդները հնարավորություն ստացան արժեւորելու լսածը եւ բարձրաձայն աղոթելու, Աստծուն փառք տալով ոչ միայն Ֆիլիպիններում տեղի ունեցող օրհնությունների, եւ խնդրելով այնտեղի խնդիրների համար, այլեւ Հայաստանի օրհնություններն ու հատկապես կանանց առնչվող խնդիրները բերելով Տիրոջ առջեւ:

Աղոթքի համաշխարհային օրը նշեցին նաեւ ՀԱԵ Երեւանի Բաղրամյան 18-ի կիրակնօրյա դպրոցի մանուկները: Քանի որ այս տարի աղոթքի համաշխարհային օրը նվիրված էր Ֆիլիպինների Հանրապետությանը, երեխաները ծանոթացան Ֆիլիպինների մշակույթին, դիտեցին փոքրիկ նկարաշար, ծանոթացան Ֆիլիպինների ազգային տոներին, քաղաքներին, ճաշատեսակներին ու կենսաբազմազանությանը, լսեցին իրենց տարիքակից Ֆիլիպինցի երեխաների պատմություններն ու ծանոթացան նրանց առօրյային: Աղոթքի Համաշխարհային օրվա այս տրվա վերնագիրը՝ Աստծո արդարությունը, երեխաներին մատուցվեց Մաթևոս.20.1-16 համարների միջոցով, Երեխաները ծանոթացան Մշակների առակին, սովորեցին, որ պետք է լինեն արդար եւ չնախանձեն, կիրակնօրյա դպրոցում սովորած դասերի մասին պատմեն իրենց բակի,դասարանի ընկերներին:
 Դասի վերջում երեխաները աղոթեցին ֆիլիպինների ժողովրդի, հատկապես իրենց տարիքակիցների համար:
Հմուտ ձեռքեր բաժնում երեխաները պատրաստեցին գեղեցիկ դիմակներ՝ Ֆիլիպինյան լեմուրի տեսքով և գունավորեցին Ֆիլիպինների դրոշը:

Հ.Գ.-  ՀԱՕ-ն գրեթե երկու դարյա պատմություն ունի: Այսօր աշխարհի ավելի քան 180 երկրում, ամեն տարի՝ մարտ ամսվա առաջին ուրբաթ օրը, կազմակերպվում է Համաշխարհային աղոթքի օր, որի ընթացքում միլիոնավոր քրիստոնյա կանայք, առանձին խմբերով նաեւ մանուկներ,  միասնաբար աղոթում են տվյալ տարվա ՀԱՕ ծրագիրը կազմած երկրի եւ ժողովրդի համար: