Ամառային փորձառական շրջան սփյուռքահայ երիտասարդների համար

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության նախաձեռնությամբ, Հյուսիսային Ամերիկայի ու Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների 19 երիտասարդներ՝ վեր. Դոկտ. Ավետիս Բոյներյանի առաջնորդությամբ,  2016 թվականի հուլիսի 8-19-ը Հայաստանում են: Մոտ 2 շաբաթ, հայ համալսարանականները, որոնցից շատերը առաջին անգամ են հայրենիքում, առիթ կունենան ոչ միայն ծանոթանալու Հայաստանյայաց Ավետարանական եկեղեցու ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատմությանը, ծրագրերին ու ծառայություններին, այլեւ անձամբ կայցելեն Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիներ, կմասնակցեն ծառայություններին, սոցիալական ծրագրերին, Հանքավանի «Շողիկ» ճամբարին: Ծրագրի մասնակիցներն առիթ կունենան նաեւ հանդիպելու Հայաստանում ապրող իրենց հասակակիցներին եւ տարբեր թեմաների շուրջ քննարկումների կմասնակցեն: Ամառային փորձառական այս շրջանը կարեւոր է նաեւ հայրենիքին ու պատմությանը ծանոթանալու տեսանկյունից: Սփյուռքահայ երիտասարդներն այցելում են տարբեր պատմամշակութային, հոգեւոր ու հայրենասիրական նշանակություն ունեցող վայրեր, բացահայտում են հայրենիքը ներսից: