Մայրության եվ գեղեցկության տոնը՝ ՀԱԵ-ում

Ապրիլի 6-ին, Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին՝ Բաղրամյան 18-ում, մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ յուրահատուկ համերգային ծրագիր էր կազմակերպել համայնքի կանանց եւ աղջիկների համար, թեեւ մուտքն ազատ էր: Համերգային ծրագրի առանցքային կատարողները Մխիթարյան քույրերն էին, ովքեր Հայաստանում, ու արդեն նաեւ երկրի սահմաններից դուրս, հայտնի են կնոջ համար անսովոր մասնագիտություններով:  Աննան դուդուկ է նվագում , իսկ Անահիտը՝ դհոլ: Համերգին մասնակցում էին նաեւ Մխիթարյան քույրերի երաժիշտ ընկերները. Գուրգեն Ամիրյանը՝ բաս գիթառ, Արեգ Արուստամյանը՝ ստեղնաշար, Ալեքսանդր Գրիգորյանը՝ պերկաշեն:

Սակայն, մինչեւ Մխիթարյաններ և ընկերներ համույթի կողմից պատրաստված համերգային ծրագիրը կսկսվեր, բեմ բարձրացան ՀԱԵ-ի վերջերս ձեւավորված դհոլի խմբակի սաները եւ ներկայացրեցին «խառը ռիթմեր» կոչվող համարը:

Համերգի ընթացքում հնչեցին հայկական ժողովրդական ստեղծագործություններ՝ Պեպոյի երգը, Շատախի ձեռնապարը, Բրոյի, Մոկաց շուկեն երգը, Էրզրումի շտորը, Ապարանի պարը եւ Շիրակի պարը՝ ժամանակակից մեկանբանությամբ: