Պատանիների միասնական հանդիպում Արցախում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Արցախի և Երևանի Հարավ Արևմտյան թաղամասի պատանիները մայիսի 11-ին մեկօրյա հանդիպում ունեցան Շուշիի «Պետրոսյան» ճամբարում: Առիթը՝ պատանյաց խմբերի միջև անցկացվող խաղ-մրցույթի եզրափակիչ փուլն էր, բայց պատանիների համար այն ոչ միայն հանգստի և ժամանցի հիանալի առիթ դարձավ, այլև Աստծո խոսքի շուրջ համախմբվելու, մտերմանալու և Աստծո չափանիշներին համապատասխան ընկերության մասին սերտելու հնարավորություն ստեղծեց: 100-ից ավելի մասնակից  Ասկերան, Ստեփանակերտ, Շուշի և Երևան քաղաքներից նախ մասնակցեցին միասնական պաշտամունքի: Փառաբանության երգերից ու միասնական աղոթքից բացի, պատանիները ՀԱԵ Արցախի հոգևոր հովիվ Վեր. Վարդան Ափինյանից լսեցին Աստծո խոսքի պատգամը (Մաթ.18.19,20, Բ Կորնթ.6.14-16, Գործք. 2.43-47, Հռովմ.13.8-10, Ամովս 3.3), անդրադարձան ընկերության հոգևոր և աշխարհիկ չափանիշներին, լսեցին կոչը՝ նմանվել Քրիստոսին ու լինել Նրա նման ընկեր, ինչպես նաև ձգտել հոգևոր ընկերներ ունենալ: Թեման պատանիներն առանձին սերտեցին նաև փոքր խմբերում: Այն, ինչ սովորեցին, գործնականում կիրառելու հնարավորություն ունեցան հանդիպման երկրորդ հատվածում՝ Շուշիի տեսարժան և պատմական վայրերում էքսկուրսի, խաղերի և երեկոյան խարույկի ժամանակ: Մեկօրյա ճամբարի մթնոլորտն այնքան տաքուկ էր, որ պատանիները մոռացել էին անգամ մրցակցության մասին: Միասնական այս  հանդիպումը գնահատելի էր ոչ միայն նոր ծանոթությունների ու նոր ընկերներ ձեռքբերելու, այլ առավել՝ ընկերության Սուրբգրային չափանիշներին ծանոթանալու, դրանք կյանքում կիրառելի դարձնելու տեսանկյունից: Փառք Աստծուն այս հնարավորության և օրհնության համար: