Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողով

2017թ.-ի սեպտեմբերի 18-20-ը տեղի ունեցող Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցում են նաեւ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներ աշխարհի տարբեր անկյուններից: Ոմանք հանդես են գալիս նաեւ թեմատիկ զեկույցներով:

Սեպտեմբերի 18-ին մեկնարկած «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակում տեղի ունեցավ «Հայապահպանության հիմնախնդիրներ» ուղղությամբ «Մայրենի լեզուն և դպրոցը հայ ինքնության կռվան» թեմատիկ նիստը:

Նիստը վարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Ի թիվս այլ խոսնակների, զեկույցով հանդես եկավ նաեւ Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ատենապետ, Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ՝ Վեր. Դոկ. Փոլ Հայդոսթյանը՝  «Ապագայի Պահանջին Համապատասխան Դպրոցն ու Հայու Ինքնութիւնը» թեմայով։ Նա նշեց, որ Սփյուռքում հայ դպրոցի գոյությունը վտանգված է, և լեզու կորցնել՝ նշանակում է կորցնել ինքնությունը։ «Մենք պետք է մտածենք, թե ինչպիսին պիտի լինի վաղվա հայը։ Հայ մնալը և հայ դաստիարակելը Սփյուռքում ինքնազոհողություն է։ Մեր առջև խնդիր պետք է դնենք մրցունակ հայ դաստիարակելը», – ընդգծեց նա։

Սեպտեմբերի 19-ին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի «Հայապահպանության հիմնախնդիրներ» ուղղության չորրորդ նիստում քննարկվեցին արտակարգ իրավիճակներում հայտնված  հայերի հիմնախնդիրները: Նիստը վարում էր Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի պատգամավոր Ժիրայր Րեիսյանը:

Համաժողովի այս բաժնում հանդես եկավ նաեւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը «Արտակարգ իրավիճակի մեջ գտնվող Սփյուռքի առեղծվածը» զեկուցումով: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր սիրիահայ պիտի ունենա այն գիտակցումը, որ իրեն սպասում է ապահով, հյուրընկալ, ազատ Հայաստանը:

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի մանրամասներն այստեղ՝ http://hayernaysor.am