ՀԱԵ կանանց միասնական համագումար Արցախում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կանանց առաքելության շրջանակներում աշխատանքային խումբը` հովիվների առաջնորդությամբ, ապրիլի 27-ին Արցախում էր: ՀԱԵ կանանց մեկօրյա համագումարն այս տարի Սյունիքի մարզի և Արցախի կանանց մասնակցությամբ առաջին անգամ տեղի ունեցավ Արցախում՝ Ստեփանակերտի ՀԱԵ-ում: Գորիսից, Կապանից ու Սիսիանից, ինչպես նաև Արցախի տարբեր շրջաններից ավելի քան 100 կանայք, որոնցից շատերն առաջին անգամ, հնարավորություն ունեցան միասնաբար Տիրոջը փառաբանել, Սուրբ խոսքը սերտել և քաջալերել միմյանց իրենց վկայություններով:  

 Համագումարը սկսվեց ՀԱԵ կանանց առաքելության շրջանակներում նախորդ տարվա ծառայությունների ֆոտոկոլաժով և առաքելության մասին տեղեկություններով: Այնուհետև, միասնական պաշտամունքը տարբեր քաղաքներից ժամանած քույրերին միաբանեց Տիրոջը երկրպագելու:

 Համագումարի կարևոր մասը պատգամն էր, որը հնարավարություն տվեց մասնակիցներին վերանայելու իրենց արժեքներն ու նպատակները: ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը պատգամը սկսեց կյանքում ամենակարևոր բաների փնտրտուքների մասին հարցադրումով: Այնուհետև ներկայացրեց երկու իրական մարդկանց կյանքի պատմություն: Մի դեպքում երիտասարդ գրողի փառահեղ հաջողությանը հաջորդեց նրա ալկոհոլիկ դառնալը, մյուս կողմից՝ հաջողակ հովիվը հայտնվեց հոգեբուժարանում: Երկու դեպքում էլ գերնպատակը հաջողության հասնելն էր, իսկ հասնելուց հետո դատարկություն էր: Անդրադառնալով Հովհաննու 1.35-40 համարներին, որտեղ Հիսուսին հետևել ցանկացող աշակերտները, պատասխանելով Նրա հարցին, թե ի՞նչ են ուզում, ասում են՝ որտե՞ղ է Քո կացարանը, իսկ Հիսուսը պատասխանում է .«Եկե'ք և տեսե'ք», վեր. Մելքոնյանը նկատեց, որ Հիսուսին հետևելու կարևոր նախապայմանը Նրան փնտրելուց բացի՝ տեսնելն է: Վեր. Մելքոնյանը կոչ արեց ներկաներին վերանայել իրենց կյանքը, ակնկալիքները, երջանկության բանաձևը և տեսնել արդյո՞ք փնտրում են Հիսուսին, արդյո՞ք գիտեն, թե որտեղ է Նա:

Այնուհետև, մասնակիցները բաժանվեցին խմբերի, որտեղ, արդեն անհատական կերպով անդրադարձան պատգամի՝ իրենց հետ առնչությանն ու օրհնություններին: Կանայք խմբերում հնարավորություն ունեցան նաև քննարկելու ՀԱԵ կանանց բոլոր խմբերում միևնույն ժամանակ սերտվող գիրքը, և կիսվեցին իրենց օրհնությունների մասին: Ոմանք վկայության առիթ ունեցան նաև համագումարի երկրորդ հատվածում, երբ խմբային սերտողություններից հետո դարձյալ հավաքվեցին դահլիճում:

Արդեն 3-րդ տարին է, որ ամառային համագումարներից բացի ՀԱԵ կանանց սերտողության խմբերի մասնակիցները հնարավորություն են ունենում մեկտեղ հավաքվել նաև մեկօրյա համագումարների առիթով: Այս տարի Արցախում տեղի ունեցած համագումարը 3-րդն էր, մինչև այդ, միևնույն ծրագրով համագումար էր տեղի ունեցել նաև Երեւանում՝ տեղի և հարակից քաղաքների ՀԱԵ կանանց համար, Գյումրիում՝ տեղի և Հայաստանի հյուսիսային շրջանների մյուս քաղաքների ՀԱԵ կանանց համար, ինչպես նաև Արցախում՝ Սյունիքի և Արցախի տարբեր շրջանների կանանց համար: