Աշնանային բակային ճամբարներ ՀԱԵ-ում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Բաղրամյան 18-ի քրիստոնեական դաստիարակության բաժնի նախաձեռնությամբ, առաջին անգամ աշնանային բակային ճամբար կազմակերպվեց: Նոյեմբերի 2-ին և 3-ին ՀԱԵ կիրակնօրյա դպրոցի 70-ից ավելի երեխաներ օրը սկսում էին եկեղեցում: Բակային ճամբարը սկսվում էր առավոտյան դահլիճային ծրագրով, որի ընթացքում երեխաները փառաբանում էին Աստծուն, ուսուցողական ներկայացումներ դիտում և հոգևոր շարունակական պատմություն լսում մի տղայի մասին, ում հետ պատահած դժբախտությունը մեկ ուրիշի՝ Աստծուն ճանաչելու առիթ դարձավ:

Առավոտյան ծրագրից հետո երեխաները միասին ճաշում էին, էստաֆետային խաղեր խաղում, ձեռային աշխատանք պատրաստում և Աստվածաշունչ սերտում: Հինկտակարանյան Ռոբովամ և Ասա թագավորների պատմությունների միջոցով երեխաները սովորեցին չար ընկերակցությունից խուսափելու, չարին չարով չպատասխանելու, Աստծուն փնտրելու և լսելու կարևորության մասին:

Աշնանային երկօրյա բակային ճամբարը կարևոր էր ոչ միայն երեխաների աշնանային արձակուրդը հետաքրքրացնելու, այլ առավել Աստծո խոսքով լցնելու տեսանկյունից: 

***

Դպրոցական աշնանային արձակուրդները նպատակային գործածեց նաև  Գորիսի ՀԱԵ-ն: Նոյեմբերի 1-4-ը, մոտ 40 պատանիների համար բակային ճամբար կազմակերպվեց՝ «Ճանաչի՛ր ապրող Աստծուն» խորագրով: Ճամբարը սկսվում էր ժամը 11:00-ին, ավարտվում՝ ժամը 17:00-ին:

Աստծուն ճանաչելու լավագույն միջոցն Իր խոսքն է՝ Աստվածաշունչը: Գորիսի ՀԱԵ պատանիները  ևս մեկ անգամ հնարավորություն ունեցան լսելու պատմություններ Աստվածաշնչյան հերոսների կյանքից, ովքեր անցել են դժվարությունների միջով, բայց  հավատարիմ են մնացել ապրող ու ճշմարիտ  Աստծուն՝ հասնելով ցանկալի փոփոխության թե՛ իրենց կյանքում, թե՛ շրջապատում: Սուրբգրային սերտողությունների ընթացքում պատանիները քննարկեցին նաև այսօր իրենց կյանքում առկա դժվարություններն ու Աստծո զորությամբ դրանց հաղթահարման ուղիները:

Պաշտամունքներից և քննարկումներից բացի պատանիները մեծ ոգևորությամբ մասնակցեցին Ղուկաս Ավետարանի վերաբերյալ ինտելեկտուալ մրցույթին,  ձեռային աշխատանքներ պատրաստեցին ու բացահայտումներ արեցին հայտնի մարդկանց կյանքից: Իսկ հյուրասիրության սեղանի շուրջ հաղորդակցությունը ոչ միայն ավելի մտերմացրեց առաջնորդներին պատանիների հետ,այլև պատանիներին՝ միմյանց հետ: