Ծաղկազարդից Հարություն՝ պաշտամունքներ ՀԱԵ-ում

Ավագ Շաբաթը Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթն է, որը հարուստ էր կարեւոր իրադարձություններով: Դրանք այսօր էլ մեծ դեր ունեն յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Այն սկսվում է Ծաղկազարդի կիրակիով եւ ավարտվում Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության՝ Զատկի կիրակիով: Այս տարի Ծաղկազարդը ապրիլի 14-ին էր: Երևանում՝ Բաղրամյան 18-ում, Ծաղկազարդի պաշտամունքը սկսվեց կիրակնօրյա դպրոցի սաների ելույթով՝ փառաբանության երգերով և խոսքերով: Պատգամաբերը Վեր. Մկրտիչ Մելքոնյանն էր, ով խոսեց Ծաղկազարդի օրը Քրիստոսի պատգամի մասին (Հովհ. 12.12-19):

Ծաղկազարդից հետո՝ ամբողջ Ավագ Շաբաթվա ընթացքում, Հայաստանյայց Ավետարանական գրեթե բոլոր եկեղեցիներում ամեն օր պաշտամունք է մատուցվել Աստծուն: Երեւանում՝ Բաղրամյան 18-ում,  Երևանի և հարակից քաղաքների ՀԱԵ համայքների համար մատուցված միասնական պաշտամունքների ընդհանուր խորագիրը Ա Կորնթացիներին 1.23-24 համարների շուրջ էր՝ «Մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսը»:

Ավագ Երկուշաբթի օրը վեր. Ավետիք Խաչատրյանը խոսեց «Ի՞նչ էր խաչը հրեաների համար» թեմայի շուրջ (Գործք Առաքելոց 5.34, 22.3)՝ բացահայտելով, որ հրեաների համար խաչը գայթակղություն էր:

Ավագ Երեքշաբթի օրվա պատգամաբերը՝ պատ. Գագիկ Դանիելյանը, խոսելով «Ի՞նչ էր խաչը հույների համար» թեմայի շուրջ (Գործք Առաքելոց 26), նկատեց, որ հիմարություն էր:

Պատ. Ատոմ Սիմոնյանն Ավագ Չորեքշաբթի օրը խոսեց այն մասին, թե Ի՞նչ էր խաչը կանանց համար: Սերտելով Հովհ․19.25-30, 20.1-18, Մատթ․27.19-ը համարները՝ պատվելին նկատեց, որ Հիսուսին հետևող կանանց համար խաչը վիշտ էր:

Ավագ Հինգշաբթի Հաղորդության պաշտամունք էր, քանի որ հենց այդ օրը Քրիստոս վերջին անգամ աշակերտների հետ հաց կիսեց և Հաղորդություն մատուցեց՝ պատվիրելով, որ այդպես անեն իր հիշատակի համար: Պատգամաբերը վեր. Մկրտիչ Մելքոնյանն էր, հատվածը՝ Մարկ․ 8.29-34, «Ի՞նչ էր խաչը աշակերտների համար»: Վերապատվելին անդրադարձավ աշակերտների լքվածության զգացողությանն ու նշեց, որ խաչը Հիսուսին 3 տարի շարունակ հետևած աշակերտների համար մինչև Հարությունը անհասկանալի ու անըմբռնելի էր:

Ավագ Ուրբաթ օրվա թեման՝ «Ի՞նչ էր խաչը Պողոսի համար», խոսեց պատ. Ստեփան Վարդանյանը (Ա․Կորնթ․1.23-24): Պողոսը, ի տարբերություն մյուսների, խաչին նայում էր Հարության լույսի և սեփական աներևակայելի փորձառության լույսի ներքո, այդ պատճառով խաչը Պողոսի համար Աստծո զորությունն էր:

Ավագ Շաբաթն ամփոփվեց Հարության Կիրակիով, երբ բեմից հնչեց բաղձալի Ավետիսը՝ Քրիստոս Հարյավ ի մեռելոց, և լսվեց պատասխանը՝ օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: Հարության ավետաբերները դարձյալ կիրակնօրյայի մանուկներն էին, այս անգամ՝ ամենափոքրիկները: Պատգամաբերը Վեր. Հովհաննես Հովսեփյանն էր, ով խոսեց Ա Կորնթ. 15.12-22 հատվածի շուրջ, Ի՞նչ է նշանակում լինել Հարությանը հավատացող քրիստոնյա: 

Ավագ Շաբաթվա յուրաքանչյուր օր, ամեն պատգամից հետո, խաչի մի նոր մասնիկ էր ավելանում բեմի վրա տեղադրված տախտակին: Յուրաքանչյուր մասնիկի հետ վերաիմաստավորվում էր խաչի ընկալումը՝ Հարության լույսի ներքո: