ՀԱԵ պատանիները՝ էկումենիկ ճամբարում

Հունիսի 17-24-ը Կոտայքի թեմի ամառային ճամբարը հյուրընկալել էր Հայաստանում ապրող տարբեր ազգություններից եւ ուղղափառ եկեղեցիներից (Հայ Առաքելական,Հայ Կաթողիկե,Հայ Ավետարանական,Ասորական) 14-16 տարեկան 30 աղջիկների: Ամառային էկումենիկ ճամբարը արդեն երկրորդ տարին կազմակերպվում է «Քրիստոնյա կանանց ֆորում» ԲՀԿ-ի նախաձեռնությամբ եւ Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի, Հայաստանի Աստվածաշնչյան Ընկերության, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ), Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ), Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, «Հույս բոլոր մարդկանց» Սոցիալ Մշակութային Հիմնադրամի համագործակցությամբ:

Այս տարվա ճամբարի գլխավոր պատգամն էր՝ «Սիրի՛ր մերձավորիդ, ինչպես քո անձը»:
Ճամբարականների առօրյան հագեցած էր: 7 օրերի ընթացքում նրանք մասնակցեցին առավոտյան և երեկոյան միասնական աղոթքին, սերտեցին Սուրբ Գրքին ու մասնակցեցին Աստվածաշնչյան գիտելինքերի մրցույթին, տարբեր եկեղեցիների հոգևորականների և համագործակից կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումներ ունեցան, զբաղվեցին  նկարչությամբ, կավագործությամբ, տիկնիկագործությամբ, մասնակցեցին ազգային պարի, երգեցողության դասընթացներին, սեմինար-հանդիպումներ ունեցան հոգեբանի, սոցիալական աշխատողի և բուժ աշխատողի հետ, ֆիլմեր ու  թեմատիկ հոլովակներ դիտեցին ու քննարկեցին, ինչպես նաև արշավների մասնակցեցին:

Էկումենիկ ճամբարում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ներկայացնում էր Մոնիկա Հովսեփյանը, ով Սուրբ Գրքի սերտողությունների պատասխանատուներից մեկն էր, եւ նաեւ իր ծառայությունն էր բերում որպես հոգեբան: 30 ճամբարականներից 5-ը  ՀԱԵ պատանյաց խմբերի աղջիկներ էին, իսկ 6-ը՝ ԱՀԱԸ «Շող» ցերեկային կենտրոնի սան:

Էկումենիկ ճամբարի նպատակն է դեռահասներին տալ ճշգրիտ տեղեկություն քրիստոնեության, քրիստոնեական եկեղեցիների և էկումենիզի մասին, նրանց մեջ սերմանել միմյանց հանդեպ սեր, հարգանք, հանդուրժողականություն,գթասրտություն և խոնարհություն:­­­­