Ավարտվեցին ՀԱԵ ամառային ճամբարները

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու և Հայ Ավետարանչական ընկերակցության համար ավարտվեց ևս մեկ ճամբարային պատմություն: Ընդհանուր առմամբ մոտ 2000 մանուկ, պատանի և երիտասարդ մասնակցեցին Հանքավանի «Շիին Շողիկ» և Շուշիի «Պետրոսյան» ամառային ճամբարներին՝ հուլիսի 1-ից օգոստոսի 18-ը: Ճամբարականները սերտեցին Աստվածաշունչը, մասնակցեցին տարբեր սեմինարների, դասընթացների, որոնց միջոցով էլ ավելի ամրապնդեցին իրենց հոգևոր արժեքներն ու գիտելիքները: Ճամբարային օրերը հագեցած էին կրթական, քրիստոնեական, մշակութային և սպորտային ծրագրերով, որոնցից յուրաքանչյուրը փոխկապակցված էր իրար և լրացնում էր մեկը մյուսին: 

2019թ. ՀԱԵ ամառային հանգստի ճամբարներերից յուրաքանչյուրն ուներ իր խորագիրն ու նպատակը: 
Մանուկների այս տարվա ճամբարի թեման կրում էր «Կառուցի՛ր» անվանումը և ընդգրկում էր Աստվածաշնչյան հինգ դաս: Այս դասերի օգնությամբ մանուկները սերտեցին աստվածաշնչյան տարբեր պատմություններ, որոնց հերոսները հանդիպել էին Աստծուն, ճանաչել Նրան և կառուցել իրենց կյանքը ճիշտ հիմքերի վրա: Հոգևոր և աստվածաշնչյան դասերից բացի երեխաները գործնականում ինչ-որ բան կառուցելու հնարավորություն ունեցան. ռոբոտաշինության դասերի ընթացքում ինքնուրույն ռոբոտներ պատրաստեցին, ինչպես նաև սովորեցին ռոբոտին հրահանգներ տվող ծրագրեր ստեղծել: Բացի այդ ծանոթացան ֆիզիկայի օրենքներին՝ գործածելով կենցաղային տարատեսակ նյութեր: Երեխաները «Հայաստան ծառատունկ ծրագրի» շրջանակներում սովորեցին բնության հանդեպ հոգ տանել և պաշտպանել շրջակա միջավայրը: Ճամբարային օրակարգը հարուստ էր նաև ազգային ու մշակութային ծրագրերով:   

Պատանեկան ճամբարն ուներ «Վերելք» խորագիրը: Պատանիները, հավատքի հայր Աբրահամի կյանքի օրինակով, սովորեցին, որ կարող են դուրս գալ իրենց ապահովության տիրույթից, հետևել Աստծո հրահանգներին, մարզվել աստվածապաշտության մեջ և իրենց կյանքում առաջնորդվել Աստծո սիրով ու պատվիրաններով: Պատանիների ճամբարային օրակարգը նույնպես հարուստ էր տարատեսակ հետաքրքիր և ուսուցանող միջոցառումներով: Նրանք հնարավորություն ունեցան զբաղվելու կավագործությամբ, նկարչությամբ, ինչպես նաև հոգևոր դասերն ամրապնդող ձեռային աշխատանքներով: 

Երիտասարդական ճամբարի խորագիրն էր «Տերը բարձրացնում» է: Ճամբարային յուրաքանչյուր օրն ուներ իր առանձին խորագիրը, որոնք էին՝ Տերը բարձրացնում է՝ կանչելով, Տերը բարձրացնում է՝ ուղղելով, Տերը բարձրացնում է՝ պատրաստելով, Տերը բարձրացնում է՝ բնակեցնելով: Երիտասարդներն Աստծո խոսքն առավել լավ էին ընկալում, երբ փորձում էին մտովի հայտնվել աստվածաշնչյան տվյալ պատմության ժամանակաշրջանի, մշակույթի և իրականության մեջ: Երիտասարդաց ճամբարի բոլոր թեմաներն օգնում էին, որպեսզի երիտասարդներն անդրադառնան Աստծո հետ հարաբերություններին, նորովի բացահայտեն Նրա սերն ու ողորմությունը և Նրա հետ բարձրանալու ջանք գործադրեն: Ճամբարային օրերին երիտասարդները նաև մասնակցեցին տարբեր թեմաներով սեմինարների, օրինակ՝ լսեցին ժամանակակից մեդիայի դրական և բացասական ազդեցությունների մասին, բացահայտեցին իրենց անձի առանձնահատկությունները թիմային աշխատանքում, խոսեցին ամոթի, վախի և այլ թեմաների շուրջ: