ՀԱԵ ամառային ճամբարներն ավարտվեցին

Ամառն ավարտվեց, ավարտվեց նաև  Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու եւ Հայ Ավետարանչական ընկերակցության Հանքավանի «Շիին Շողիկ» եւ Շուշիի «Պետրոսյան» ճամբարները: Ընդհանուր առմամբ մոտ 2000 մանուկ, պատանի եւ երիտասարդ Հայաստանում եւ Արցախում հունիսի 25-ից մինչեւ օգոստոսի 21-ը հնարավորություն ունեցան ոչ միայն վայելելու ակտիվ ամառային հանգիստը, այլեւ Աստվածաշունչ սերտեցին, տարատեսակ թեմաներով օգտակար դասընթացների մասնակցեցին, ավելի ամրապնդեցին հայրենասիրական եւ հոգեւոր արժեքները: Ճամբարային յուրաքանչյուր օր հագեցած էր մշակութային, սպորտային, ուսուցողական, կրթական և քրիստոնեական դաստիարակության հետաքրքիր ծրագրերով, խաղերով, որոնց միջոցով ճամբարականները ոչ միայն ակտիվ հանգիստն էին վայելում, այլ նաև սովորում էին ազնիվ լինել, պայքարել, կիսել հաղթանակը ընկերների հետ եւ խմբային աշխատանքի այլ գաղտնիքներ:

Այս տարի ՀԱԵ բոլոր ճամբարները մեկ ընդհանուր խորագիր ունեին՝  «Իմ սիրտը Քո տունն է»: Սիրտը Քրիստոսին նվիրելու կարեւորությունն ու դրա օրհնությունները յուրաքանչյուր տարիքային խմբում սերտեցին յուրովի:

Մանուկներն, օրինակ, ծանոթացան աստվածաշնչյան 5 տարբեր պատմությունների մանուկ հերոսների հետ, ովքեր, ապրելով տարբեր ժամանակաշրջաններում, հանդիպել են Աստծուն, ճանաչել Նրան, նվիրել իրենց սիրտը, ինչը շրջադարձային է եղել իրենց կյանքում:  Ճամբարի ավարտին երեխաները գիտեին, որ  ծնվել են Աստծո կամքով, և հիմա Աստված հետաքրքրված է իրենցով, ծրագիր ունի իրենց համար: Ողջ օրվա ընթացքում ճամբարային ծրագրի մյուս բաժիններն էլ օգնում էին լրացնել և ամբողջացնել երեխայի պատկերացումներն Աստծո մասին։

Պատանիները հնարավորություն ունեցան անդրադարձ կատարել իրենց սրտի «սենյակներին», հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, օրինակ, իրենց «ժամանցի սենյակում», «առանձնասենյակում», «սպասասրահում» եւ «ապագայի սենյակում»: Արդյո՞ք Աստված ներկա է իրենց կյանքի այդ սենյակներում։  Քրիստոնեական դաստիարակության առաջնորդները օգնում էին պատանիներին, որպեսզի հասկանան, որ իրենց ապագան իրենք կառուցում են այսօր։ Գիտակցեն, որ իրենց կյանքի տարբեր ուղիներում կարևոր է, որպեսզի պահպանեն իրենց շիտակությունն ու անաղարտությունը թե՛ Աստծո, թե՛ իրենք իրենց և թե՛ իրենց ընկերների առաջ, հավատքով իրենց սիրտը դարձնեն Աստծո տունը։

Երիտասարդներն իրենց սրտի «առանձնասենյակի», «ճաշասենյակի», «խորդանոցի» և «գրադարանի» միջով անցան «Անառակ որդու» առակի կրտսեր որդու կերպարի միջոցով: Առակի մշակութային ենթատեքստը լիովին ընկալելու համար երիտասարդները տեսանյութերի օգնությամբ պատկերացում կազմեցին առաջին դարի Իսրայելի մասին: Ճամբարային օրերին ցուցադրված ներկայացումները պատկերում էին առակի հերոսներին, նրանց ապրումներն ու գործողությունների շարժառիթները: Առավոտյան ու երեկոյան խորհրդածությունները նույնպես լրացնում էին թեման:  Այս ամենն օգնեց երիտասարդներին մտածել եւ որոշում կայացնել, թե արդյոք պատրա՞ստ են իրենց սրտի միակ սեփանակատերը դարձնել Հիսուս Քրիստոսին: