Ամառային ճամբարներ Հայաստանում եվ Արցախում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին (ՀԱԵ) եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն արդեն երկար տարիներ է  ՀԱԵ, ինչպես նաեւ անապահով ընտանիքների մանուկների, պատանիների եւ երիտասարդների ամառային հանգիստը կազմակերպում են Հանքավանի «ՇԻԻՆ Շողիկ» եւ Շուշիի «Պետրոսյան» ճամբարներում: 

2017-ի ճամբարային շրջանը սկսվեց Հուլիսի 3-ից եւ տեւեց մինչեւ օգոստոսի 20-ը: Այդ ընթացքում 700 մանուկ, 510 պատանի եւ 150 երիտասարդ Հայաստանում, ինչպես նաեւ 360 մանուկ, 240 պատանի եւ 120 երիտասարդ Արցախում վայելեցին ամառային հանգիստը, սերտեցին Սուրբ Գիրքն ու նոր ընկերներ ձեռքբերեցին: 

Մանուկների ճամբարի այս տարվա թեման վերնագրված էր՝  «Նմանվել Նրան»: Սուբգրային դասաշարը կառուցվել էր այնպես, որ մանուկները տեսնեն՝ Աստված իրենց հրավիրել է դառնալու Աստծու զավակ, հետեւբար Տիրոջը նմանվելու կարիք ունեն: Դասաշարի նպատակն էր՝ օգնել մանուկին, որպեսզի գիտակցի, որ Աստված ամեն պահի իր հետ է, Աստված միշտ իր կողքին է թե՛ դժվարության և թե՛ ուրախության ժամանակ,  և Աստծու խոսքը սովորեցնում է  իրեն: 

Պատանիների ուսումնասիրության թեման ‹‹Հավիտենական փնտրտուք››-ն էր: Դասաշարի նպատակն էր պատանիներին ցույց տալ, որ իրենց հավիտենական փնտրտուքների մեջ Աստված առաջարկ ունի, այն է՝ Իր թագավորությունը: Ճամբարային օրերի ընթացքում պատանիները տարբեր հարցեր բարձրացրեցին և, փորձառու առաջնորդների օգնությամբ, փորձեցին գտնել դրանց պատասխանները:

Երիտասարդաց ճամբարի կոչը երիտասարդներին արթնանալն էր: 4 թեմայից բաղկացած սերտողությունները մարտահրավեր էին երիտասարդներին, որպեսզի արթուն լինեն կառուցելու, շարժվելու, դառնալու եւ գործելու համար: Աստվածաշնչում հավատքի հերոսների օրինակով երիտասարդները Աստծուն անվերապահորեն վստահելու պատգամն առան, իսկ ծրագրի մյուս բաժինների օգնությամբ՝ խաղեր, սեմինարներ, քննարկումներ, որոշումներ կայացրեցին իրենց կյանքի տարբեր ոլորտներում փոփոխությունների վերաբերյալ: