Սեմինար՝ բակային ճամբարներին ընդառաջ

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու քրիստոնեական դաստիարակաության ծառայողների համար ամառն ամենազբաղ շրջաններից մեկն է: Այս ժամանակաշրջանում է, որ եկեղեցիներում կազմակերպվում են բակային ճամբարներ: Այդ պատասխանատու և բարդ գործում եկեղեցիներին օգնելու նպատակով՝ դեռևս անցած տարվանից՝ Համաավետարանական միացյալ երիտասարդական համագումարից հետո, հավաքվեց երիտասարդների մի խումբ: Նրանք ՔԴ բաժնի հետ համատեղ պատրաստեցին բակային ճամբարի դասերը, ընդհանուր ծրագիրը, խաղերը և ձեռային աշխատանքները: Այս ամենը եկեղեցիների ծառայողներին փոխանցելու նպատակով 2019-ի մայիսի 23-ին, Բաղրամյան 18 հասցեում տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որին մասնակցեցին ՀԱԵ ՔԴ բաժնի շուրջ 90 ծառայողներ: Սեմինարը սկսվեց հոգևոր խորհրդածությամբ, որն անցկացրեց ՀԱԵ ՔԴ պատասխանատու Վեր. Ավետիք Խաչատրյանը: Նա խոսեց Գաղատացիների 6.9 համարի շուրջ. «Եկեք բարին գործելուց չհոգնենք: Որովհետև ժամանակին պիտի հնձենք, եթե չթուլանանք»: Խորհրդածությունից հետո առանձին խմբերում ներկայացվեցին քրիստոնեական բակային ճամբարի՝ արդեն պատրաստի նյութերը:

Նշենք, որ այս տարվա բակային ճամբարի թեման կրում է «Հետաքրքրաշարժ որոնումներ» խորագիրը, որի միջոցով մանուկները սովորելու են, որ չնայած կյանքում կարող են տարբեր դժվարությունների հանդիպել, բարդ իրավիճակներում հայտնվել, այնուամենայնիվ հիշեն, որ Աստված բարի է:

Լիլիթ Անտոնյան
ՀԱԵ ՔԴ բաժնի աշխատակից