ՀԱԵ պատանիները մասնակցեցին Էկումենիկ ճամբարի

Հուլիսի 15-22-ը Հաղպատի վանքի վանատունը հյուրընկալել էր Հայաստանում գործող ուղղադավան եկեղեցիների 14-16 տարեկան թվով 30 աղջիկների: «Քրիստոնյա կանանց ֆորումի» նախաձեռնությամբ եւ Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի, Հայ Կաթողիկե եկեղեցու եւ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու, ԵՀԽ (Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ) Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության եւ Հայ Ավետարանչական Ընկերակցության աջակցությամբ կազմակերպված էկումենիկ ճամբարն առաջինն էր իր բնույթով: Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե, Հայաստանյայց Ավետարանական եւ Ասորի ուղղափառ եկեղեցիների, ինչպես նաեւ Հույն օրթոդոքս համայնքի պատանի աղջիկները մեկ շաբաթ շարունակ ապրեցին Հաղպատի վանատանը: Նրանք միասին ազգագրական պարեր սովորեցին, խաղացին, տարբեր թեմաների շուրջ քննարկումների մասնակցեցին, նկարչությամբ ու կավագործությամբ զբաղվեցին, տարատեսակ ձեռային աշպխատանքներ պատրաստեցին, Օձունի եկեղեցի եւ «Կուսանց անապատ» ուխտագնացությունների մասնակցեցին, եւ ամենակարեւորը՝ Սուրբ Գիրքը սերտեցին:

էկումենիկ ճամբարի մասնակիցների ամեն օրը սկսվում էր Սուրբ Պատարագով, որից հետո, Հաղպատի վանահայր Տեր Ատոմ քահանայի, Քրիստոնյա կանանց ֆորումի պատասխանատու Մարիաննա Ապրեսյանի, եւ «Քրիստոնյա կանանց ֆորում»-ում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ Մոնիկա Հովսեփյանի օգնությամբ, պատանիները սերտում էին Աստծո Խոսքը: Ճամբարի վերջին օրը նրանց Աստվածաշնչյան գիտելիքները, սերտածն ու սովորածը ստուգվեց հատուկ խաղ-մրցույթի միջոցով: Հաղթող թիմին Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը սրբապատկերներ նվիրեց, իսկ բոլոր ճամբարականներին՝ քրիստոնեական գրքեր:

Մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու նաեւ ճամբարում ներգրավված ուղղադավան եկեղեցիների պատասխանատու ներկայացուցիչներին, ովքեր խոսեցին իրենց եկեղեցիների պատմության, նմանությունների ու տարբերությունների մասին: Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ներկայացրեց Վեր. Հովհաննես Հովսեփյանը:

Ինչպես արդեն նշեցինք, սա էկումենիկ առաջին ճամբարն էր Հայաստանում, բայց բակային ճամբարի փորձ նախկինում եղել էր: 2014 թվականին «Քրիստոնյա կանանց ֆորումի» միջոցով ուղղադավան եկեղեցիների պատանիները հրավիրվել էին մասնակցելու Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից Երեւանում կազմակերպված բակային ճամբարին: Այդ հաջողված փորձը, ըստ էության, հիմք դարձավ համագործակցությունը շարունակելու, եւ որպես արդյունք` էկումենիկ ճամբարի օրհնությունները վայելելու համար: