Երեխաների նվիրում Ալավերդու ՀԱԵ-ում

Անցնող կիրակին՝ նոյեմբերի 11-ը, յուրահատուկ էր Ալավերդու Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու համար: Կիրակնօրյա պաշտամունքի ընթացքում տեղի ունեցավ մանուկների նվիրման արարողություն: ՀԱԵ բոլոր համայնքերում էլ ժամանակ առ ժամանակ լինում են մանուկների նվիրման արարողություններ, բայց այս անգամ միանգամից 5 մանուկի՝ 2 տղայի և 3 աղջկա օրհնություն էր: ՀԱԵ Ալավերդու համայնքի 5 զույգ՝ Տիգրանը և Լուսինեն, Վազգենն ու Հասմիկը, Սասունն ու Լիլիթը, Կարենն ու Մերին, Համլետն ու Նունեն համայնքի և բարեկամների առջև բարձրաձայն վկայեցին իրենց հավատքի մասին և խոստացան բարի օրինակ լինել իրենց զավակների համար՝ խոսքով, գործով և կյանքով, դաստիարակել նրանց Աստծո երկյուղով՝ Սուրբ Գրքի ճշմարտություններին տեղյակ պահելով և աղոթքով: Այնուհետեև երեխաների համար աղոթք բարձրացրեց ՀԱԵ Ալավերդու հոգևոր հովիվ՝ Վեր. Արթուր Օչինյանը:

Պաշտամունքի ընթացքում հնչած Սուրբգրային պատգամը նույնպես այդ թեմայի շուրջ էր: Վեր. Արթուր Օչինյանը խոսեց Մատթեւոս 19:13-15 համարների շուրջ՝ ներկայացնելով Հիսուսի` մանուկների հանդեպ ունեցած վերաբերմունքը: Վերապատվելին պատգամի վերջում կոչ արեց համայնքին, որ ոչ միայն չարգելեն, այլև նպաստեն, որպեսզի մանուկները մոտենան Հիսուսին: