Միասնական երիտասարդական հանդիպում Ալավերդիում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) մոտ 60 երիտասարդ Վանաձոր և Ալավերդի քաղաքներից փետրվարի 26-ին միասնական երիտասարդական հանդիպում և պաշտամունք ունեցան Ալավերդու ՀԱԵ-ում: Հանդիպումը կրում էր «Իմ լավագույնը՝ Աստծո փառքի համար» խորագիրը: Ալավերդու երիտասարդները վանաձորցիներին ընդունեցին հյուրասիրությամբ, որին հաջորդեց հոգևոր սնունդը: Փառաբանության պաշտամունքից հետո երիտասարդները նաև ինտելեկտուալ խաղերի և ներկայացում դիտելու առիթ ունեցան: Ծրագրի երկրորդ բաժնում մասնակիցները բաժանվեցին խմբերի, և Ծննդոց 4.3-7 համարներում  ներկայացված Կայենի ու Աբելի զոհաբերությունների պատմության ենթատեքստում սերտեցին Աստծո փառքի համար լավագույնն անելու կարևորության մասին: Երիտասարդներն անդրադարձան իրենց կարողություններին, տաղանդներին ու պարգևներին, փորձեցին վերլուծել, թե որտեղ և ինչ նպատակով են գործածում այդ տաղանդները: Սերտողությունն ու խմբային քննարկումներն ամփոփվեցին պատգամով. ՀԱԵ Ալավերդու հոգևոր հովիվ վեր. Արթուր Օչինյանը հորդորեց երիտասարդների վերլուծել խմբային քննարկումների արդյունքներն ու որոշում կայացնել՝ լավագույնն անել Աստծո փառքի  համար:

ՀԱԵ միասնական այսօրինակ հանդիպումները կարևոր են ոչ միայն Աստծո խոսքի սերտողության ու միասնական պաշտամունքի, այլև միջեկեղեցական ամուր և ընկերական հարաբերությունների հաստատման համար: