Սուրբ Հարության տոնը ՀԱԵ տարբեր համայնքներում

Քրիստոս հարյա՛վ ի մեռելոց, օրհնյա՛լ է հարությունը Քրիստոսի...

Քրիստոսի հարությունն այն  դուռն է, որը դեպի հավիտենականություն է տանում, սա հույսի և ուրախության պատգամ է բոլոր հավատացողների համար:  Հավերժական կյանքը պատկանում է յուրաքանչյուր հոգու, ով կանչում է Տեր Հիսուս Քրիստոսի անունը: Գերեզմանը դատարկ է: Քրիստոս հաղթեց: Իր հաղթանակով մենք հավիտենապես ազատված ենք:

Այս ցնծությամբ և ուրախությամբ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Հայաստանում եւ Արցախում ամեն տարի նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Այս տարի  տոնական էր ապրիլի 2-ը: Գյումրու Հայաստանյայց Ավետարանական համայնքը (հովիվ՝ Վեր. Համլետ Կյուրեղյան) Քրիստոսի Հրաշափառ հարությունը տոնեց նոր եկեղեցաշենքում: Տոնական պաշտամունքի վերջում ներկաները վայելեցին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Գյումրու պարային խմբակի հիանալի պարերն ու կիրակնօրյա դպրոցի երեխաներից կազմված երգչախմբի կատարումները:   

Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը Ստեփանավանի  ՀԱԵ-ում (հովիվ՝ Պատ. Խաչատուր Խաչատրյան)  նույնպես նախապատրաստվել էին ամենայն պատասխանատվությամբ: Միասնական պաշտամունքից բացի մեծահասակները, մանուկներն ու պատանիներն առիթ  ունեցան  Մեր Փրկչի Հարության լուրի մասին լսել «Ավետաբեր ծիծեռնակը» կոչվող բեմադրության  միջոցով:

Շիրակամուտի  ՀԱԵ- ում (հովիվ՝ Պատ. Վարդան Ափինյան)  Սուրբ Զատկի միջոցառումը մանուկների եւ պատանիների համար էր: Այն հարուստ էր ժողովրդական պարերով, թեմատիկ տեսանյութերով, փառաբանության երգերով, ասմունքով: Ավետիսը, սակայն, հնչեց պատգամի եւ մանկապատանեկան ներկայացման միջոցով: Միջոցառումն ավարտվեց ցորենի հասկերի մրցույթի ամփոփմամբ:

Բերդի ՀԱԵ-ի (հովիվ՝ Վեր. Հրանտ Բադալյան)  մանուկների ու պատանիների մասնակցությամբ բեմականացումը ցուցադրվեց նաև մեծահասակների համար: Մեղավորի փրկության համար վճարված գինն արժեւորվեց Քրստոսի հարությամբ, եւ հենց այդ հարության կարեւորության մասին էր տոնական ողջ ծրագիրը:

Իջևանի  Հայաստանյայց  Ավետարանական  Եկեղեցում (հովիվ՝ Վեր. Ալբերտ Փայտյան) Սուրբ  Հարության  տոնին նվիրված միջոցառմանը  հնչեցին  Հարության ավետիսն ազդարարող  երգեր,  հանդես  եկավ  պարի  խումբը,  պատանիների  և  առաջնորդների  անմիջական  մասնակցությամբ  ցուցադրվեց  բեմականացում՝ «Նա  ծեծվեց  իմ  փոխարեն»  վերնագրով:    Միջոցառման  ավարտին  ամփոփվեց զատկական զամբյուղների մրցույթը, լավագույնները մրցանակներ ստացան: 

Դիլիջանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում (հովիվ՝ Վեր. Գառնիկ Թութիկյան)   Հարության տոնին նվիրված միջոցառմանը ներկա էին  երեխաներ, պատանիներ և մեծահասակներ։ Կիրակնօրյա դպրոցի երգչախումբը հանդես եկավ Քրիստոսի Հարությանը նվիրված  փառաբանության երգերով, որոնց ընդմիջումներին երեխաները նաեւ ասմունքեցին: Տպավորիչ էր նաեւ Հայ Ավետարանչական ընկերակցության Դիլիջանի կենտրոնի թատերական խմբի սաների «Երեք ծառերը» ներկայացումը. Աստված առաջին ծառին արժանացրեց դառնալ օրօրոց աշխարհի Փրկչի համար, երկրորդ  ծառին դարձրեց նավակ, որի մեջ  Փրկիչն իր աշակերտների հետ ճամփորդելու ժամանակ հանդարտեցրեց փոթորիկը։ Երրորդ ծառին  սահմանված էր լինելու մահվան գործիք Աստծո Որդու համար, որը, սկայն, Նրան հավատացողների համար դարձավ փրկության գործիք։