Գյումրիում ՀԱԵ-ն նոր հովիվ ունի

Սեպտեմբերի 16-ին Գյումրու Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կիրակնօրյա պաշտամունքը յուրահատուկ էր. ՀԱԵ ամենափորձառու եւ տարեց հովիվը՝ Վեր. Համլետ Կյուրեղյանը, ով վերջին 6 տարիներին հովվում էր Գյումրու ՀԱԵ-ն, իր օրհնություններն ու պարտականությունները փոխանցեց ՀԱԵ ամենաերիտասարդ հովվին՝ պատ. Արամ Բաբաջանյանին: Փառաբանության պաշտամունքից եւ Վեր. Համլետ Կյուրեղյանի պատգամից հետո բեմ հրավիրվեց պատ. Արամ Բաբաջանյանը եւ պատասխանեց ՀԱԵ խորհրդի նախագահ Վեր. Ալբերտ Փայտյանի` ընթացակարգով սահմանված հարցերին: Արամ Բաբաջանյանը Գյումրու ՀԱԵ համայնքի առջեւ խոստացավ հավատարիմ մնալ Աստծուն եւ անմնացորդ ծառայել տվյալ համայնքին: Հարց ու պատասխանից հետո պատ. Արամ Բաբաջանյանի նոր ծառայությունը հաստատվեց ավագ հովվի՝ Վեր. Մկրտիչ Մելքոնյանի աղոթքով: Համայնքին հայտարարվեց նաեւ, որ Վեր. Համլետ Կյուրեղյանը եւ պատ. Արամ Բաբաջանյանը մինչեւ այս  տարվա հոկտեմբերի վերջը միասին կծառայեն Գյումրիում: Այդ մեկ ամիսը կլինի փորձի փոխանակման եւ անցումային շրջան: Այնուհետեւ Վեր. Համլետ Կյուրեղյանը կշարունակի ծառայել Աստծուն՝ որպես ՀԱԵ անկախ քարոզիչ, ով ոչ թե կոնկրետ համայնք կհովվի, այլ կլինի այնտեղ, որտեղ անհրաժեշտություն կա:

Պատվելի Արամ Բաբաջանյանը ծնվել է 1987 թ.-ին, Ստեփանավան քաղաքում:
2005-2007 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ սահմանապահ զորքերում:
2004 թ.-ին  ապաշխարության եւ վերստին ծնունդի փորձառություն  է ունեցել Ստեփանավանի ՀԱԵ-ում, որտեղից էլ սկսել է հոգեւոր ծառայությունը:
2009-2012 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիան՝ ստանալով աստվածաբանության բակալավրի կոչում:
Մեկ տարի փորձառական շրջան անցնելուց հետո ՀԱԵ Հովվական Հանձնախմբի և Հոգևոր Խորհրդի որոշմամբ՝ 2013թ.-ին ստացել է քարոզչության արտոնություն՝ կոչվելով պատվելի: 
2013-2014թթ. պատ. Արամ Բաբաջանյանը ծառայել է Երևանում՝ ՀԱԵ Բաղրամյան 18-ում, որպես օգնական հովիվ:
2014-2017 թթ. սովորել և ավարտել է Բեյրութի Մերձավոր Արևելքի Աստվածաբանական Ճեմարանը (NEST) ՝ ստանալով աստվածաբանության մագիստրոսի կոչում:
Բեյրութից վերադառնալուց հետո ստանձնել է ՀԱԵ Աբովյանի համայնքի հովվի ծառայությունը, որտեղ եւ էր մինչեւ Գյումրի տեղափոխվելը: 

Գյումրու ՀԱԵ համայնքը ողջունեց նոր հովվին և պաշտամունքի ավարտին իր շնորհակալության և երախտիքի խոսքերն ուղղեց Վեր․ Համլետ Կյուրեղյանին և նրա կյանքի հավատարիմ ուղեկից Անուշ Վարդանյանին: 

Սերնդափոխության այս օրհնյալ պահն Աստծո մեծ գործի վկայությունն էր առ այն, որ Տերը շարունակում է մշակներ պատրաստել, իսկ ավագ սերունդը սիրահոժար կրթում եւ առաջնորդում է երիտասարդներին՝ Աստծո գործը շարունակելու համար այնպես, ինչպես Պողոս Առաքյալն էր պատրաստում Տիմոթեոսին: