ՀԱԵ-ն Գյումրիում 17 տարեկան է

Սաղմոսներ գրքի 122 սաղմոսը սկսվում է այս տողերով․ «Ես ուրախ եղա, երբ որ ասեցին ինձ, թե Տիրոջ տունը գնանք»։

Գյումրու Ավետարանական Եկեղեցում շատերն են այսօր հենց այս ուրախությամբ գալիս Տիրոջ տունը, իսկ ոմանք սկսեցին գալ 1999 թվ-ից: Մարտի 17-ին Գյումրու Հայաստանյայց Ավետարանական համայնքը նշեց եկեղեցու սերմը  տնկելու  կամ հիմնադրման 17 տարին: Եկեղեցու հիմնադրման համար ավելի ճիշտ է գործածել տնկել բառը , քանի որ սա մի սերմ է, որ ծիլ է տալիս, ապա աճում մեծ ծառ է դառնում իր պտուղներով, որի բերքը դա Արքայության Ավետարանի քարոզն է և փրկված հոգիները:

Գյումրու Ավետարանական եկեղեցու առաջին պաշտամունքներն առաջնորդում և հոգևոր Խոսքով բաժնեկցում էր Վերապատվելի Համլետ Կյուրեղյանը: 171-ամյա Ավետարանական եկեղեցու պատմության մեջ թեև 17 տարին երկար ժամանակահատված չէ, բայց այս մի քանի էջերը լրացնում են ավետարանական համաշխարհային պատմության գրականությունը:

Ուրախ դեմքեր, Տիրոջն ուղղված ճոխ փառաբանություն և Վեր․ Համլետ Կյուրեղյանի կրակոտ պատգամը, ահա այսպիսին էր 2017 թ-ի մարտի 19-ի կիրակնօրյա պաշտամունքը, որի ժամանակ պատմական ակնարկ եղավ Գյումրու եկեղեցու հիմնադրման և ձևավորման մասին: Եկեղեցու քրիստոնեական կյանքի զարգացման գործընթացում իրենց ավանդն ունեն Գրիգոր, Կարեն, Արմեն և Գագիկ եղբայրները, ովքեր այսօր էլ Տիրոջ դաշտի մեջ իրենց կարողությունները և հոգևոր նվիրումն են ցուցաբերում:

10 հոգուց բաղկացած առաջին համայնքը այսօր 80 անձից բաղկացած եկեղեցի է իր հոգաբարձուների խմբով, Կիրակնօրյա Դպրոցի, կանանց խմբի, երիտասարդաց խմբակի ծառայողներով և կամավորներով, ովքեր հովվի առաջնորդությամբ սպասավորություն են անում Տիրոջ տանը՝ սեր ապրելով Տիրոջ և մյուսների հանդեպ:

 

Կարեն Մանուկյան