Ընտանեկան համագումար Շուշիում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին (ՀԱԵ) Արցախում համագումար էր նախաձեռնել ՀԱԵ ընտանիքների համար: Օգոստոսի 11-12-ը Շուշիի «Պետրոսյան» ճամբարում 9 ընտանիք (8-ը Արցախից, մեկը՝ Գորիսից), հնարավորություն ունեցան սերտելու Աստծո Խոսքի այն դրվագները, որոնք վերաբերում են ընտանիքին: Համագումարի խորագիրը Հեսու 24.15-ն էր՝ «Ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»: Համագումարի մասնակիցները, երբեմն զույգերով, երբեմն էլ կանայք և տղամարդիկ առանձին-առանձին, սերտեցին ու քննարկեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ ի՞նչ է նշանակում ընտանիքով Տիրոջը պաշտել (Հեսու 24.15), ինչպե՞ս Աստծո վրա հիմնված ընտանիք կառուցել (Մատթևոս 7.24-27), ո՞րն է Աստվածաշնչյան հիմքերի վրա կառուցված ընտանիքը (Եփեսացիս 5.21-31), ինչպե՞ս հաղթահարել ծագած խնդիրներն Աստծո օգնությամբ (Սաղմոս 61.1-2): Համագումարի ժամանակը կարճ, բայց շատ հագեցած էր: Պաշտամունքներից ու սերտողություններից բացի մասնակիցներն ակտիվ ներգրավված էին նաև ընտանեկան խաղերում, ձեռային աշխատանքներում և ուրախ ժամանցային ծրագրերում։