ՀԱԵ կանանց միասնական համագումար Երեվանում

Մարտի 25-ին, Երեւանում՝ ՀԱԵ Բաղրամյան 18-ում, Աստծո հանդեպ սերն ու Նրա խոսքի հանդեպ ծարավը մեկ հարկի տակ էր հավաքել Երեւանի եւ մոտ քաղաքների ՀԱԵ կանանց սերտողության խմբերին: Երեւանի 4 եկեղեցիների, Արտաշատի, Արմավիրի, Այնթապի եւ  Աբովյանի ՀԱԵ կանանց միացել էին նաեւ «Սիրիահայերի հոգեւոր եղբայրակցություն» համայնքի կանայք, ընդհանուր առմամբ մոտ 150 հոգի: Համագումարը սկսվեց փոքրիկ հյուրասիրությամբ, այնուհետեւ շարունակվեց դահլիճում՝ ամառային համագումարների լուսանկարներից պատրաստված տեսանյութի ցուցադրությամբ, եւ համագումարի նպատակը ներկայացնելով:Բացման արարողությանը հաջորդեց փառաբանության պաշտամունքը եւ Աստծո խոսքի պատգամը: Վեր. Հովհաննես Հովսեփյանը խոսեց Ովսե 14.8  համարի շուրջ: Այնուհետեւ կանայք բաժանվեցին 7 խմբի, եւ առանձին խմբերում  նախ քննարկեցին պատգամի նյութը, լեցուն զուգահեռներ տեսան Քրիստոսից առաջ 720-ական թվականների (երբ խոսում էր Ովսե մարգարեն) եւ մեր օրերի միջեւ, ընդունեցին, որ Աստված նույնն է՝ արդար, սիրող եւ ներող, բայց այդ ամենը վայելելու համար պետք է Աստծո խոսքի մեջ հաստատվել: Փոքր խմբերում կանայք հնարավորություն ունեցան նաեւ արժեւորելու կանանց խմբերում սերտողությունների նպատակայնությունը:

Խմբերով քննարկումներից հետո, համագումարի մասնակիցները դարձյալ հավաքվեցին եկեղեցասրահում, որտեղ Վեր. Մկրտիչ Մելքոնյանն ամփոփեց օրվա պատգամը: ՀԱԵ կանայք հաղորդակցվելու առիթ ունեցան նաեւ ճաշի սեղանի շուրջ:

Սա թվով երկրորդ նմանատիպ համագումարն էր: Առաջինը տեղի էր ունեցել 2016թ.-ի Սեպտեմբերի 10-ին՝ Վանաձորում, Հայաստանի Հյուսիսային շրջանի ՀԱԵ կանանց խմբերի համար: Իսկ հաջորդ համագումարը նախատեսվում է Գորիսում՝ Մայիսի 6-ին, որտեղ Աստծո խոսքի շուրջ կհավաքվեն Սյունիքի եւ Արցախի ՀԱԵ կանայք: Այս համագումարների նպատակններից մեկն էլ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու  կանանց ծառայությունները ակտիվացնելն ու միջեկեղեցական կապն ամրապնդելն է: