ՀԱԵ կանանց մեկօրյա համագումար Գյումրիում

Ապրիլի 6-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Գյումրիում իր հյուրընկալ դռները բացել էր Հայաստանի Հյուսիսային քաղաքների ՀԱԵ կանանց առջև: ՀԱԵ կանանց առաքելության շրջանակներում կազմակերպված հերթական մեկօրյա համագումարին մասնակցեցին ավելի քան 150 քույրեր Գյումրիից, Վանաձորից, Սպիտակից, Ստեփանավանից,Ալավերդուց, Շիրակամուտից, Թումանյանից, Իջևանից և Դիլիջանից:       

Մինչ համագումարի մեկնարկը հյուրասիրություն էր, որից հետո մասնակիցները հավաքվեցին եկեղեցասրահում: Համագումարը սկսվեց ՀԱԵ կանանց առաքելության շրջանակներում նախորդ տարվա ծառայությունների ֆոտոկոլաժով և առաքելության մասին տեղեկություններով: Այնուհետև, միասնական պաշտամունքը տարբեր քաղաքներից ժամանած քույրերին միաբանեց Տիրոջը երկրպագելու:

 Համագումարի կարևոր մասը պատգաման էր, որը հնարավարություն տվեց մասնակիցներին վերանայելու իրենց արժեքներն ու նպատակները: ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը խոսեց Հովհաննու 1.35-40 համարների շուրրջ, որտեղ Հիսուսին հետևել ցանկացող աշակերտները հարցնում են, թե որտե՞ղ է Նրա կացարանը, իսկ Հիսուսը պատասխանում է .«Եկեք և տեսեք»: Վերապատվելին նկատեց, որ Հիսուսին հետևելու կարևոր նախապայմանը նրան փնտրելուց բացի՝ տեսնելն է: Վեր. Մելքոնյանը կոչ արեց ներկաներին վերանայել իրենց կյանքը, ակնկալիքները, երջանկության բանաձևը, և տեսնել արդյո՞ք փնտրում են Հիսուսին, արդյո՞ք գիտեն, թե որտեղ է Նա:

Այնուհետև, մասնակիցները բաժանվեցին խմբերի, որտեղ, արդեն անհատական կերպով անդրադարձան պատգամին՝ իրենց հետ առնչությանն ու օրհնություններին: Կանայք խմբերում հնարավորություն ունեցան նաև քննարկելու ՀԱԵ կանանց բոլոր խմբերում միևնույն ժամանակ սերտվող գիրքը, և կիսվեցին իրենց օրհնությունների մասին: Ոմանք վկայության առիթ ունեցան նաև համագումարի երկրորդ հատվածում, երբ խմբային սերտողություններից հետո դարձյալ հավաքվեցին դահլիճում:

Աստծո ողորմությամբ մեկօրյա ևս մեկ համագումար էլ նախատեսվում է ապրիլի 27-ին Ստեփանակերտում՝ Արցախի և Սյունիքի ՀԱԵ կանանց համար: