ՀԱԵ երիտասարդ կանանց համագումար Հանքավանում

Հունիսի 15-17-ը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 18-45 տարեկան ավելի քան 50 կանայք եւ աղջիկներ հնարավորություն ունեցան մասնակցելու Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում կազմակերպված համագումարին:

Լիբանանից Հայաստան հրավիրված տիկին Մարալ Հայդոսթյանը կանանց խոսեց «Վարակիչ ուրախության» մասին: Սեմինարի հիմքում Փիլիպեցիս 1.25 համարում Պողոս Առաքյալի մաղթանքն էր. «…Որպեսզի ուրախ լինեք հավատքով»: Համագումարի 2 օրերի ընթացքում մասնակիցները Հանքավանի հրաշալի բնության գրկում Աստծո հետ առանձնանալու, աղոթելու եւ Խոսքը սերտելու, միասնական պաշտամունքների, փառաբանության առիթներ ունեցան, ինչպես նաեւ միասին խաղացին, ձեռային աշխատանքի ժամին համագումարի խորհրդանիշ «ժպիտ»-ը պատրաստցին, նաեւ իրենց տաղանդները ներկայացնելու հնարավորություն ունեցան: Բայց ամենակարեւորը համագումարի թեման էր, որն ամբողջացավ սերտողության 3 բաժիններում: Առաջին օրը տիկին Մարալ Հայդոսթյանը խոսեց արտաքին՝ ոչ մշտական ուրախության, եւ ներքին՝ մշտական խնդության մասին, շեշտելով, որ այն կախյալ չէ արտաքին իրավիճակներից, եւ առկա է, երբ Աստծո հետ հարաբերությունները ճիշտ հիմքերի վրա են: Օրվա երկրորդ կեսին, տիկին Մարալը խոսեց նաեւ խնդության հիմքերից մեկի՝ Աստծո հանդեպ կենտրոնացած սիրո մասին, որով պայմանավորված է նաեւ լինելությունը: Համագումարի վերջին օրվա թեման հավատքն էր, առանց որի հնարավոր չէ ո՛չ Աստծո հանդեպ սերը, ո՛չ էլ ներքին ու մշտական ուրախությունը, որը կարող է նաեւ վարակիչ լինել: Յուրաքանչյուր թեմային հաջորդում էր փոքրիկ խմբերով սերտողությունը, որի ընթացքում մասնակիցները կարողանում էին քննարկել լսած նյութը, հարցեր բարձրացնել եւ խոսել սեփական փորձառությունից: Համագումարի վերջին օրը քույրերը, նախապես իրենց տրված գունավոր թղթյա ձեռքերի վրա գրեցին համագումարի նյութի շուրջ իրենց մտորումներն ու աղոթքները, եւ փակցրեցին Աստծո ձեռքերը խորհրդանշող պաստառին: Համագումարն ավարտվեց Հաղորդության պաշտամունքով, որը մատուցեց ՀԱԵ Այնթապի հովիվ՝ Վեր. Գագիկ Հովհաննիսյանը:

Այս տարի առաջին անգամ էր, որ ՀԱԵ կանանց համագումարը տարիքային բաժանումով եղավ: Այսօրինակ համագումարներ նախատեսվում են նաեւ 45-ից բարձր կանանց համար՝ օգոստոսի 24-26-ը, ինչպես նաեւ օգոստոսի 26-28-ը առաջին անգամ, համագումար կլինի մայրերի եւ դուստրերի համար, որին կմասնակցեն 12 տարեկանից բարձր դուստրեր ունեցող մայրերը: