Հարության տոնի միջոցառումներ ՀԱԵ-ում

Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության լուրը  յուրահատուկ միջոցառումների ընթացքում ոչ թե մեկ օր, այլ գրեթե մեկ ամիս՝ տարբեր օրերի ավետվում է Հայաստանի և Արցախի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիներում՝ ավելի քան 5000 մանուկների ու պատանիների:  

«Քրիստոսի Հարությունը», այսպես էր կոչվում ներկայացումը, որով բարի լուրն ավետվեց Դիլիջանի ՀԱԵ-ում: Պատմությունը շատ հուզիչ էր և խորիմաստ, պատանի դերասանները հանդիսատեսին ներկայացրին Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու, կյանքի և հարության դրվագները։

Ստեփանավանի ՀԱԵ-ի թատերական խումբը բեմադրել էր «Որտե՞ղ փնտրեմ քեզ» ներկայացումը։ Գործող անձինք՝ մոգը և սպասուհին, փնտրում են  Հիսուսին, որպեսզի ծառայեն Նրան։ Այդ ընթացքում ճանապարհին օգնում  են  նեղության  մեջ  ընկածներին։  Ի  վերջո, հանդիպելով հարություն  առած  Հիսուսին և ցանկություն հայտնելով ծառայել Նրան՝ բացահայտում են կարևոր ճշմարտությունը՝ լսելով հետևյալ խոսքերը. «Դուք ծառայում եք ինձ, երբ ծառայում եք նեղության մեջ հայտնվածներին…Նրանց  արեցիք՝  ինձ  արեցիք»։

Գյումրու ՀԱԵ Սուրբ Հարության ներկայացումը կոչվում էր «Ինքնասպան Նավը»: Սցենարը մի նավի վեց ուղևորների մասին էր, ովքեր միակողմանի ճամփորդության են գնում, բայց նավը կարող էր վերադարձնել միայն հինգին: Բոլորն էլ մեղավոր մարդիկ են, սակայն նրանց մեջ մի նավաստի տղա կար, ով իրեն նետում է ջուրը և իր մահով փրկում մյուսներին:

Երևանում՝ Բաղրամյան 18-ում, ՀԱԵ-ի և ԱՀԱԸ «Հայասա» թատերախումբը հանդես եկավ «Քրիստոսը կրկին է խաչվում» ներկայացմամբ: Բեմադրության հիմքում 20-րդ դարի հույն հեղինակ Նիկոս Կազանձակիսի համանուն վեպն էր: 1948 թվականին գրված ստեղծագործության գործողությունները ծավալվում են Անատոլիայի հունական հեռավոր մի գյուղում, որտեղ դեռևս պահպանված են նահապետական հարաբերությունները: Այստեղ յուրաքանչյուր յոթ տարին մեկ բեմադրվում են Քրիստոսի չարչարանքները, խաչելությունն ու հարությունը: Հերթական բեմադրությանը պատրաստվելիս, երբ արդեն ընտրվում են գլխավոր կերպարները մարմնավորողները, արդեն իսկ ուրվագծվում են տվյալ գյուղի իշխանավորների ու հասարակ մարդկանց հարաբերությունները: Քրիստոսի դերը վստահվում է համեստ ու աստվածավախ մի հովվի՝ Մոնոլիոսին: Մինչ մարդիկ կսկսեին պատրաստվել բեմադրությանը, այստեղ են գալիս թուրքական յաթաղանից մազապուրծ փախած հարևան գյուղի բնակիչները՝ կանայք ու երեխաներ, և իրադարձությունների ընթացքը փոխվում է: Գաղթականներին առաջնորդող հոգևոր հովիվը խնդրում է, որ այս գյուղի բնակիչները գթասիրտ լինեն և կոտորածներից փրկվածներին թույլ տան ապրել այդտեղ, այլապես նրանց ստույգ ոչնչացում է սպառնում: Այս տեսարաններում արդեն լիովին բացահայտվում են այդ գյուղի բնակիչների անտարբերությունն ու շահամոլությունը: Ի վերջո, արդարությունն ընտրած Մոնոլիոսը սպանվում է գյուղացիների և փախստականների բախման ընթացքում… Ներկայացումը ճշմարտության և կեղծիքի, արդարության և շահի միջև ընտրության մասին էր… Ամեն անգամ, երբ ընտրում ենք երկրորդը՝ Քրիստոս կրկին է խաչվում: