ՀԱԵ միացյալ երիտասարդաց պաշտամունք Երեվանում

Նոյեմբերի 17-ը հիշարժան էր ՀԱԵ մի քանի եկեղեցիների երիտասարդների համար: Հայաստանյայց Ավետարանական «Հույսի տուն» եկեղեցին հյուրընկալել էր ՀԱԵ ՀԱԹ-ի և Այնթապի երիտասարդներին: Միասնական երիտասարդաց պաշտամունքին ներկա էր մոտ 50 երիտասարդ, ինչպես նաև հովիվներ: Երկար սպասված այս հանդիպման խորագիրն էր՝ «Միաբանություն», իսկ նպատակը միասնաբար Աստծուն փառաբանելն էր: Փորձառու առաջնորդների ջանքերով հատուկ մտածված ժամանցի, հետաքրքիր նախաձեռնությունների շնորհիվ՝ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Ծրագրի ընթացքում հյուրասիրությունից ու թիմային խաղերից բացի, երիտասարդները միասնական փառաբանություն բարձրացրին առ Աստված և հնարավորություն ունեցան Աստծո Խոսքը սերտելու: Խորհրդածությունը Գ Թագավորաց 19-րդ գլխի 1-18 համարների շուրջ էր: ՀԱԵ «Հույսի տան» երիտասարդաց ծառայության առաջնորդ Շուշան Ենգիբարյանը երիտասարդներին Եղիայի օրինակով ցույց տվեց, որ կլինեն վախերի և հուսահատությունների օրեր, երբ իրենց միայնակ կզգան: Սակայն ամեն ժամանակ ու ամեն պարագայում Աստված խնամք է տանում իրենց հանդեպ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: «Փոթորիկների», «կրակների» ու «երկրաշարժերի» մեջ անգամ Տերը կգա իր խաղաղությամբ ու հանդարտությամբ,  և ապահովության զգացում կպարգևի յուրաքանչյուրին: «ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ». ահա այն գլխավոր միտքը, որ յուրաքանչյուր երիտասարդ որպես քաջալերանք ստացավ խորհրդածության ավարտին:

ՀԱԹ-ի երիտասարդները դատարկաձեռն չէին եկել. ՀԱԵ «Հույսի տան» երիտասարդացին գեղեցիկ հուշանվեր հանձնեցին՝ նկարների շրջանակ, որտեղ մոտ օրերս պիտի տեղ գտնեն միացյալ պաշտամունքի համատեղ նկարները: