Ծաղկազարդը՝ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցում

Հիսուսի Հրաշափառ մուտքը Երուսաղեմ՝ Ծաղկազարդը, Հայաստանում եւ Արցախում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիները նշել են ոչ միայն կիրակնօրյա պաշտամունքի ընթացքում, այլեւ ինքնատիպ ու յուրօրինակ միջոցառումներով:

Ապրիլի 8-ին, Երևանի Հարավ արևմտյան թաղամասի Հայաստանյաց Ավետարանական եկեղեցու մանուկները, Ծաղկազարդին և Մանուկների օրհնության օրվան ընդառաջ, Քրիստոսի բարի լուրը կիսել են այլ մանուկների հետ։ Երեխաները նախապես փոքրիկ ավանակներ են պատրաստել, քանի որ Հիսուս Քրիստոսը հենց ավանակի վրա նստած հաղթական մուտք գործեց Երուսաղեմ (Մատթ․ 21:4-6)։ Ձեռքի աշխատանքի վրա մանուկները փակցրել են տոնի նշանաբանը՝ «Ովսաննա Դավթի Որդուն,  օրհնյալ է Տիրոջ անունով եկողը. Ովսաննա բարձունքներում»։ Մատթևոս 21:9

Սկզբում երեխաները խորհրդանշական ներկայացման են մասնակցել՝ ՀԱԹ-ի ՀԱԵ-ի բակում դիմավորել են Հիսուսին, նրա ոտքի առջև գցելով ուռենու ճյուղեր և իրենց հագուստները։ Ապա սովորել եմ Աստվածաշնչյան հատվածը, ապա իրենց պատրաստած ավանակներով և ուռենու ճյուղերով դուրս եկել թաղամասի գլխավոր փողոցի շրջակայքը և հարակից բակերը։ Երեխաները մոտեցել են պատահական անցորդներին և հատկապես մանուկներին, նվիրել  իրենց պատրաստած ձեռքի աշխատանքները և ճյուղերը՝ավետելով Քրիստոսի՝ որպես Թագավորի, հաղթական մուտքը։

  Անցորդներն ուրախությամբ են ընդունել մանուկների նվերները և բարամաղթանքներով շարունակել իրենց ճանապարհը։ Երեխաները մեծ խանդավառությամբ են վերադարձան եկեղեցի՝ վստահ լինելով, որ հենց իրենց նմաններինն է երկնքի արքայությունը․

«Թոյլ տվեք երեխաներին ինձ մօտ գալ, եւ մի արգելեք նրանց.  Որովհետև այդպիսիներինն է Աստուծո արքայությունը»։  Ղուկաս 18:16

 

                                                                                                Անուշ Թութիկյան

  

Հարավ Արեւմտյան թաղամասում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու պատանիները Ծաղկազարդը նշեցին ուխտագնացությամբ՝ ոտքով ՀԱԹ-ից մինչեւ Սուրբ Սարգիս եկեղեցի գնացին: Անցնելով այդ ճանապարհը պատանիները յուրովի հիշեցին Հիսուսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ, եւ ուխտեցին էլ ավելի հաստատուն մնալ իրենց հավատքի մեջ: Չնայած հեռավորությանն ու անձրեւին, ուխտագնացությանը մեկ տասնյակից ավելի պատաներ մասնակցեցին:

 

                                                                                               Լիլիթ Սարգսյան

Ապրիլի 9-ին յուրօրինակ Պաշտամունք էր Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում. մեծ ուրախությամբ և խանդավառությամբ նշվում էր Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ:

Այս տոնական, միասնական  պաշտամունքին մասնակցություն ունեցան Քրիստոնեական Դաստիարակության բաժնի բոլոր մանուկներն ու պատանիները, երիտասարդներն ու մեծահասակները՝ եկեղեցու հովիվ՝ վերապատվելի Գևորգ Գասպարյանի գլխավորությամբ և Նելլի Սերոբյանի կոորդինացմամբ:

Պաշտամունքին մասնակցում էին նաև հատուկ խնդիրներ ունեցող «Էմմանուէլ» խմբի մանուկներն ու պատանիները, ովքեր իրենց ուրախությամբ և ցնծությամբ ավելի ոգևորություն ներշնչեցին:

Պատգամից անմիջապես հետո, փառաբանության երգեր երգելով, ուռենու ճյուղերը ձեռքերին, դահլիճ մտավ հավաքական մեծ երգչախումբը՝ առանց տարիքային և ֆիզիկական սահմանափակման:

                                                                                                                                                                                              Նելլի Սերոբյան