«Վերնատուն»՝ հովիվների եվ նրանց կանանց համար

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հերթական «Վերնատունը» ոչ միայն ՀԱԵ հովիվների, այլեւ նրանց կանանց համար էր: Այս անգամ ՀԱԵ հովիվներն իրենց կողակիցների հետ միասին Աստծո խոսքի շուրջ սերտողությունների եւ հաղորդակցության հիանալի առիթ ունեցան սեպտեմբերի 10-12-ը՝ Աղվերանում: Տարին մեկ անգամ տեղի ունեցող այս իրադարձությունը բացառիկ է ոչ միայն միասին աղոթելու եւ  Աստվածաշունչը սերտելու առումով, այլեւ միմյանց քաջալերելու եւ հովվի ընտանիքին բնորոշ խնդիրների եւ դրանց լուծման թեմաների քննարկմամբ:

Հովիվ եւ Կին  «Վերնատունը»-ը սկսվեց փառաբանության պաշտամունքով, որի ընթացքում ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը խոսեց Պողոս Առաքյալի հրաժեշտի պատգամի մասին (Գործք Առաքելոց 20.17-38)՝ հորդորելով ունկնդիրներին զգուշություն անել իրենց անձերին եւ Աստծո հոտին, որը վստահվել է իրենց:

Համագումարի հաջորդ օրը նույնպես սկսվեց Փառաբանության պաշտամունքով, որի ընթացքում ավագ հովիվը Սողոմոն Իմաստունի օրինակով (Գ Թագավորաց 11.1-11) խոսեց հարատևության եւ հավատարմության մասին՝ ցույց տալով, թե ինչպես արդար Աստված չի հանդուրժում մեղքը, գերմարդկային իմաստությունը օգտակար չէ Աստծուն հավատարիմ մնալու համար, իսկ իշխանությունը կախված է ոչ թե արտաքին հաջողություններից, այլ ներքին համոզմունքներից եւ որոշումներից:

Օրվա երկրորդ կեսին հովիվները եւ կանայք բաժանվեցին խմբերի: Առաջինները գործնական հանդիպում ունեցան՝ քննարկելով ներքին ծրագրերն ու անելիքները: Միեւնույն ժամանակ հովիվների կանայք՝ Հուրի Մելքոնյանի առաջնորդությամբ, սերտեցին հովվի կնոջ մասին՝ սկսելով «Ո՞վ է հովվի կինը» նյութից մինչև «Ինչպե՞ս սիրել հովիվ ամուսնուն» թեման: Այնուհետեւ, տղամարդիկ եւ կանայք միասին շարունակեցին սերտողությունը, որի ընթացքում Վեր. Մելքոնյանն անդրադարձավ ինչպես ընտանիքի, այնպես էլ հովվական ծնողավարության կարեւոր հարցերին ու Աստվածաշնչյան հիմքերին:

Համագումարի երկրորդ օրն ավարտվեց մշակութային երեկոյով: Հովիվները եւ նրանց կանայք երգեցին, հումորային ներկայացում ցուցադրեցին, զվարճալի խաղեր խաղացին, սիրո կարեւորության եւ հովվական ծառայության դժվարությունների մասին զվարճալի տեսանյութեր դիտեցին:  Իսկ երեկոն ավարտվեց յուրահատուկ նախաձեռնությամբ. ամուսիններն իրար սիրո խոստովանությամբ նամակներ գրեցին եւ միմյանց անուններով պատրաստված շոկոլադներ նվիրեցին:

Համագումարի վերջին օրն ամփոփվեց հաղորդության պաշտամունքով, որի ընթացքում ավագ հովիվը խոսեց փառաբանության զոհի մասին, որ արտահայտվում է մեր շրթունքների պտուղով (Եբրաեցիս 13.15): Իսկ Վեր. Հովհաննես Հովսեփյանը, յուրահատուկ կերպով ընդգծելով զույգերի հաղորդակցությունը, Սուրբ հաղորդություն մատուցեց:

Միասին անցկացրած բացառիկ ժամերն իսկապես օրհնաբեր եւ կառուցողական էին հովիվների ու նրանց կանանց համար: Փառք  Աստծուն այս հիանալի հնարավորության համար: