Դասընթաց «Հովվական բարոյագիտություն» թեմայով

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու մոտ 30 հովիվներ Հայաստանից և Արցախից, հերթական «Վերնատան» շրջանակներում («Վերնատան» մասին մանրամասները տես այստեղ՝ eca.am/vernatun) մայիսի 15-16-ը Հանքավանում էին: Այս անգամ հովիվների վերապաատրաստման նյութը «Հովվական բարոյագիտությունն» էր: Դասախոսը՝ Ավստրալիայից հրավիրված վերապատվելի Գրահամ Պերին, հովիվներին ներկայացրեց հովվական բարոյագիտության հիմնական սկզբունքները՝ հիմնված Աստծո Խոսքի վրա:  Դասախոսություններն ինտերակտիվ էին, և գրեթե բոլոր թեմաներից հետո մասնակիցները բաժանվում էին խմբերի ու քննարկում թեման անհատական մակարդակում. ո՞վ եմ ես, ո՞րն է իմ պատմությունը, ինչպիսի՞ն են հարաբերությունները եկեղեցու հետ, որո՞նք են այն սահմանները, որ կարևոր է պահել, ի՞նչ է պարկեշտությունն ու ազնվությունը և ինչպե՞ս հասնել դրան:  Այս և հովվական բարոյագիտությանն առնչվող այլ հարցերի քննարկումն օգնեց հովիվներին ճանաչել և գիտակցել այն հոգևոր իշխանությունը, որն Աստծուց է տրված, և երբեք չօգտագործել այդ իշխանությունը մարդկանց շահագործելու համար: Գիտելիքի և օրհնության այն չափաբաժինը, որ ՀԱԵ հովիվները ստացան հերթական «Վերնատան» 24 ժամվա ընթացքում, միտված է լինելու Տիրոջ Գործն առավել արդյունավետ կազմակերպելուն և ի փառս Աստծո ու ի բարօրություն ժողովրդին ծառայելուն:

Վեր. Գրահամ Պերին ձեռնադրվել է Ավստրալիայի Միացյալ Եկեղեցում 1991թ.-ին: Նա ավելի քան 20 տարի ծառայել է Ժողովական եկեղեցու համայնքերի մեջ տարբեր վայրերում ՝ Սիդնեյ, Ավստրալիա, Օնտարիո Կանադա: Հիմա նա Երիցական եկեղեցու ծառայող է Սիդնեյի կենտրոնական ռեգիոնի համայնքում: Այս ծառայությունն իր մեջ ներառում է հովվական և ավելի քան 60 ձեռնադրյալների, ծառայողների, հոգևորականների և ծառայության թեկնածուների փորձի փոխանակում և առաքելության, ռազմավարության, ուսուցման և առաջնորդության աշխատանքներ ավելի լայն եկեղեցիներում: