Վեր. Մկրտիչ Մելքոնյանը՝ վերջին իրադարձությունների մասին

Քրիստոսով սիրելի եղբայրներ և քույրեր:
Ողջունում եմ Ձեզ մեր Տեր ու փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, որ մեր հույսն է ամեն պարագաներում և ամեն ժամանակներում:

Անցած կիրակի օրվա պաշտամունքների ժամանակ մեր սրտաբուխ աղոթքները բաձրացան առ Աստված՝ թե՛ փառաբանելու մեզ շնորհած ազատ ու անկախ հայրենիքի համար և թե՛ աղաչելու, որ մեզ շնորհի ազատ ու արդար հայրենիք:

Որքան հավատում ենք, թե Աստված մեզ հայ է ստեղծել, այնքան ծանրանում են մեզ վրա մեր հայրենիքի և ժողովրդի մասին քաղցր պատասխանատվությունները՝ արդարությունը քաջալերելու, նեղյալների կողքին գտնվելու և իրավիճակի խաղաղ եզրահանգման հասցնելու:

Մեր հայ ժողովուրդն այսօր վիրավոր է, և անկասկած ցավի մեջ ենք: Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, ինչպես միշտ, այսօր ևս, մտահոգված է հայ ժողովրդի հարցով, ցավում և ծնկաչոք աղոթում է մեր Երկնավոր հորը, որ Նա գերմարդկային ու աստվածային միջոցներով միջամտի մեր հայրենիքի այս անցուդարձին, և, մանավանդ, մեր իշխանավորներին իմաստություն տա՝ ամեն մի քայլում խաղաղությամբ բանակցելու, հասկացողության գալու և բնականոն կյանքը վերկանգնելու:

Ինչպես 1915թ.-ի ջարդերի ու ցեղասպանության արհավիրքի ժամանակ Աստված մեզ նոր կյանք տվեց, գոյատևեցինք և ծլարձակեցինք՝ տարածվելով ամբողջ աշխարհով, աղոթքով մաղթում ենք, որ 2018թ.-ի ապրիլի 24-ին նույնպես Աստված մեզ շնորհի նորոգված և խաղաղ հայրենիք, ուր բոլորս կտեսնենք ազատ, անկախ և արդար ապրիլ:

Հանուն Քրիստոսի և արդար հայրենիքի՝
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ՝
Վերապատվելի Մկրտիչ Մելքոնյան