ՀԱԵ կանանց համագումար Հանքավանում

Օգոստոսի 21-24-ը Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում տեղի ունեցավ Հայասատանյայց Ավետարանական եկեղեցու կանանց համագումար: Հայաստանի տարբեր շրջաններից ավելի քան 160 կին էր հավաքվել Տիրոջը պաշտելու, եւ Աստծո Խոսքը սերտելու համար: Ամառային համագումարի թեման տարվա ընթացքում Հայաստանի 3 շրջաններում կազմակերպված մեկօրյա համագումարների թեմայի շարունակությունն էր: Խոսնակը Լիբանանի Անճար հայկական գյուղի ՀԱԵ երեցկին Նանոր Ակբաշարյանն էր,ով նաեւ ղեկավարում է Անճարի գիշերօթիկ դպրոցը: Տիկին Նանորը, խորությամբ ուսումնասիրելով  Ա Տիմոթեոս 4.16 համարը, համագումարի օրերին սովորեցրեց կանանց անձին զգուշություն անելու կարեւորության եւ միջոցների մասին: Խոսնակն անդրադարձավ, թե ի՛նչ է նշանակում զգուշություն անել անձին, ինչու՞ զգուշություն անել եւ ինչպե՞ս: Նանոր Ակբաշարյանը, ով նաեւ լիցենզավորված բուժքույր է, թեման յուրահատուկ կերպով բացահայտեց մարդու կառուցվածքի, ուղեղի, սրտի աշխատանքի մասին տեղեկություններով, զուգորդելով անձնական խնամքի կարեւորոթյունը հոգեւոր խնամքի հետ:

Համագումարի մասնակիցներն օրը սկսում էին Աստծո հետ հաղորդակցությամբ՝ մենիկ պահով, փոքր խմբերով սերտում էին տվյալ օրվա համար նախատեսված Սուրբգրային հատվածը եւ աղոթում էին: Այնուհետեւ պաշտամունք էին բարձրացնում առ Աստված, եւ լսում օրվա թեման, որից հետո քննարկում էին նյութը փոքր խմբերում: Սերտողություններից ազատ ժամերին կանայք նաեւ ձեռային աշխատանք պատրաստելու, աշխույժ խաղեր խաղալու, իրենց տաղանդները ցուցադրելու առիթ էին ունենում: ՀԱԵ տարբեր քաղաքնների կանայք նաեւ ինտելեկտուալ խաղ մրցույթի մասնակցեցին, ամփոփելով ոչ միայն իրենց Աստվածաշնչյան գիտելիքները, այլեւ մեկ ամբողջ տարի կանանց խմբերում սերտած «Գեղեցիկն Աստծո աչքերում» գիրքը: