ՀԱԵ Կանանց համագումար Շուշիում եվ Հանքավանում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին հերթական ամառային համագումարն էր նախաձեռնել ՀԱԵ կանանց խմբերի համար՝ օգոստոսի 18-20-ը Շուշիում, իսկ 22-24-ը Հանքավանում: Արցախում համագումարը տեղի էր ունենում առաջին անգամ: Արցախի և Սյունիքի մարզի ավելի քան 60 կանայք հնարավորություն ունեցան 2 օր շարունակ համախմբվել Աստծո խոսքի շուրջ, միասին աղոթել, խաղալ, և որակյալ ժամանակ անցկացնել: Հանքավանում Հայաստանի տարբեր շրջաններից ավելի քան 160 կին էր հավաքվել Տիրոջը պաշտելու, եւ Աստծո Խոսքը սերտելու համար: Ե՛վ Շուշիում, և՛ Հանքավանում ծրագիրը նույնն էր, թեման՝ «Աճեցրու հոգևոր կյանքդ»: Խոսնակը Լիբանանից հրավիրված Կարինե Չոլակյանն էր:

Տիկին Կարինեն ծնունդով Իրանից է: Առաջին կրթությունը ստացել է Թեհրանի համալսարանում, ֆիզիկայի բնագավառում: Այնուհետեւ քրիստոնեական դաստիարակություն է սովորել է Մերձավոր Արեւելքի Աստվածաբանական համալսարանում: Այժմ աշխատում է  Near East Organization-ում՝ որպես հայ կանանց հոգեւոր աճի առաջնորդ: Ակտիվ ներգրավված է Բեյրութի ՀԱԵ կանանց ծառայություններում: Ամուսնացած է Բեյրութի Առաջին Ավետարանական եկեղեցու հովիվ վեր. Հրայր Չոլակյանի հետ, ունեն 2 զավակ:

Տիկին Չոլակյանը համագումարների 2 օրերի ընթացքում օգնեց կանանց հասկանալու, թե որտե՞ղ են գտնվում հոգևոր աճի ընթացքի մեջ, և ինչպե՞ս շարունակեն այդ աճը: Առաջին օրը խոսնակն անդրադարձավ իր կյանքի վկայությանը, պատմեց, թե ինչ մեծ ազդեցություն են ունեցել իր վրա իրեն շրջապատող հոգևոր մարդիկ՝ շեշտելով, որ հոգևոր աճը կարևոր է ոչ միայն անձնական, այլև շրջապատի մարդկանց փոփոխության համար: Նա առանձնացրեց հոգեւոր կյանքի աճման 4 կարևոր հանգրվան՝ հավատք, վստահություն, աստվածճանաչություն և Աստծո հետ քայլելու որոշում: Աստվածաշնչյան տարբեր հերոսների՝ Աբրահամի, Աննայի, Դավիթ Թագավորի, Օվսե մարգարեի, Պետրոս առաքյալի օրինակով տիկին Կարինեն սովորեցրեց, որ հավատքը ենթադրում է Աստծուն հանձնվել, բայց որպեսզի կարողանաս լիարժեք հանձնվել, պետք է ճանաչես Աստծուն, իսկ աստվածճանաչության լավագույն տարբերակը Նրա հետ քայլելն է:

Համագումարի մասնակիցներն օրը սկսում էին Աստծո հետ հաղորդակցությամբ՝ մենիկ պահով, փոքր խմբերով սերտում էին տվյալ օրվա համար նախատեսված Սուրբգրային հատվածը եւ աղոթում էին: Այնուհետեւ պաշտամունք էին բարձրացնում առ Աստված, եւ լսում օրվա թեման, որից հետո քննարկում էին նյութը փոքր խմբերում: Սերտողություններից ազատ ժամերին կանայք նաեւ ձեռային աշխատանք պատրաստելու, աշխույժ խաղեր խաղալու, իրենց տաղանդները ցուցադրելու առիթ ունեցան: ՀԱԵ տարբեր քաղաքների կանայք, ինչպես Շուշիում, այնպես էլ Հանքավանում, մասնակցեցին ինտելեկտուալ խաղ-մրցույթի՝ ամփոփելով ոչ միայն իրենց աստվածաշնչյան գիտելիքները, այլեւ մեկ ամբողջ տարի կանանց խմբերում սերտած «Աստվածաշնչի կանայք» գիրքը: Համագումարներն ամփոփվեցին Հաղորդության պաշտամունքով: