ՀԱԵ կանանց մեկօրյա համագումար Երեվանում

ՀԱԵ կանանց առաքելության շրջանակներում մեկօրյա համագումարները, Աստծո օրհնությամբ, իրականություն են դառնում արդեն 3-րդ տարին: Այս տարի առաջին համագումարը տեղի ունեցավ մարտի 23-ին Երևանում՝ Բաղրամյան 18-ում, որին մասնակցեցին հիմնականում Երևանի, Աբովյանի, Արմավիրի, Այնթապի, Արտաշատի և Վարդենիսի ՀԱԵ կանանց սերտողության խմբերի անդամները՝ 100-ից ավելի մասնակից:

Համագումարը սկսվեց հյուրասիրությամբ, որից հետո մասնակիցները հավաքվեցին եկեղեցասրահում: ՀԱԵ կանանց առաքելության շրջանակներում նախորդ տարվա ծառայությունների ֆոտոկոլաժով ազդարարվեց համագումարի սկիզբը: Հուշերի փոքրիկ պատառիկները փառաբանության մեծ եռանդ արթնացրեցին: Համագումարի ընթացքը շարունակվեց պաշտամունքով՝ հոգևոր երգերով, աղոթքով և Աստծո Խոսքի պատգամով: Պատգամաբերը ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանն էր, ով Խոսքն առել էր Հովհաննու 1.35-40 համարներից, որտեղ Հիսուսին հետևել ցանկացող աշակերտները հարցնում են, թե որտե՞ղ է Նրա կացարանը, իսկ Հիսուսը պատասխանում է .«Եկեք և տեսեք»: Վերապատվելին նկատեց, որ Հիսուսին հետևելու կարևոր նախապայմանը նրան փնտրելուց բացի՝ տեսնելն է: Վեր. Մելքոնյանը կոչ արեց ներկաներին վերանայել իրենց կյանքը, ակնկալիքները, երջանկության բանաձևը, և տեսնել արդյո՞ք փնտրում են Հիսուսին, արդյո՞ք գիտեն, թե որտեղ է Նա:

Այնուհետև, մասնակիցները բաժանվեցին խմբերի, որտեղ, արդեն անհատական կերպով անդրադարձան պատգամին՝ իրենց հետ առնչությանն ու օրհնություններին: Կանայք խմբերում հնարավորություն ունեցան նաև քննարկելու ՀԱԵ կանանց բոլոր խմբերում միևնույն ժամանակ սերտվող գիրքը, և կիսվեցին իրենց օրհնությունների մասին: Ոմանք վկայության առիթ ունեցան նաև համագումարի երկրորդ հատվածում, երբ խմբային սերտողություններից հետո դարձյալ հավաքվեցին դահլիճում:

Համագումարի նպատակը, իսկզբանե, միջեկեղեցական կապերի ամրապնդումն էր, որպեսզի ամառային համագումարներից բացի, ՀԱԵ կանայք շփման այլ առիթներ ունենան, տեսնեն ու լսեն, թե այլ քաղաքներում կամ մարզերում ապրող ՀԱԵ կանայք ինչ խնդիրներ կամ փորձառություններ ունեն: Այսօր, տեսնում ենք արդեն, թե որքան մեծ օրհնություն է, երբ մեկ հարկի տակ, Հայաստանի և Արցախի տարբեր շրջանների կանայք միաբանությամբ Աստծուն են պաշտում, սերտում Սուրբ Խոսքն ու պատմում իրենց կյանքի փորձությունների ու օրհնությունների մասին: Փառք Աստծուն այս հրաշալի առիթի համար:

Հ.Գ.- Աստծո ողորմությամբ նույնօրինակ համագումարներ նախատեսվում են նաև Գյումրիում՝ ապրիլի 6-ին, որին կմասնակցեն Հայաստանի հյուսիսային շրջանի ՀԱԵ կանանց խմբերը, և ապրիլի 27-ին Ստեփանակերտում՝ Արցախի և Սյունիքի ՀԱԵ կանանց համար: