Հանդիպում՝ Հայաստանի հյուսիսային շրջանների ՀԱԵ կանանց խմբերի համար

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու (ՀԱԵ)  կանանց ծառայություններն առավել ակտիվացնելու և միջեկեղեցական կապն ամրապնդելու ու զարգացնելու նպատակով՝ ՀԱԵ կանանց խորհրդի աշխատանքային խմբի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հյուսիսային շրջանների ՀԱԵ կանանց խմբերի ներկայացուցիչները հավաքվել էին մեկ հարկի տակ: Վանաձորի ՀԱԵ-ում միասնական պաշտամունք էր Ստեփանավանից, Սպիտակից, Շիրակամուտից, Իջեւանից, Նոյեմբերյանից, Գյումրիից ու այլ քաղաքներից ժամանած մոտ 150 կանանց ու աղջիկների մասնակցությամբ: Աստծուն փառաբանելուց եւ Աստծո խոսքի պատգամը Վեր. Մկրտիչ Մելքոնյանի շուրթերից լսելուց հետո կանայք բաժանվեցին 7 խմբի եւ խոսեցին նախ պատգամի մասին. Լեցուն զուգահեռներ տեսան Քրիստոսից առաջ 720-ական թվականների (երբ խոսում էր Ովսե մարգարեն) եւ մեր օրերի միջեւ, ընդունելով, որ Աստված նույնն է՝ արդար, սիրող եւ ներող, բայց այդ ամենը վայելելու համար պետք է Աստծո խոսքի մեջ հաստատվենք:

Այնուհետեւ, փոքր խմբերում քննարկվեցին տարբեր քաղաքներում կանանց ծառայությունները, եւ հատկապես «Աստծո սրտի համեմատ կինը» գիրքը, որը գրեթե բոլոր քաղաքների ՀԱԵ կանանց խմբերում սերտել էին: Քույրերը վկայեցին դրա արդյունքում վայելած օրհնությունների եւ իրենց անձնական, ընտանեկան ու հսակարակական կյանքում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին: Նաեւ առաջարկեցին նմանատիպ հանդիպումներն ավելի հաճախակի դարձնել եւ միասնական աղոթքի հնարավորություն ստեղծել: Քննարկումներից հետո կանայք հաղորդակցվելու առիթ ունեցան նաեւ ճաշի սեղանի շուրջ: ՀԱԵ կանանց խորհրդի աշխատանքային խմբի Հայաստանի հյուսիսային շրջանի ՀԱԵ-ում գործող կանանց խմբերի համար նախաձեռնած միջոցառումն առաջինն էր: Նմանատիպ միասնական հանդիպումներ նախատսեսվում են նաեւ Հայաստանի հարավային շրջանների, ինչպես նաեւ Սյունիքի եւ Արցախի ՀԱԵ կանանց խմբերի համար: