ՀԱԵ-ում նշել են առաջին հանրապետության տոնը

1918թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց եւ մահու ճակատամարտերում փայլուն եւ անհավանական հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ` կասեցնելով նրանց առաջխաղացումը: Հաղթանակը հնարավորություն տվեց հայ ժողովրդին վերականգնել շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը։ Մայիսի 28-ը դարձավ Հայաստանի առաջին հանրապետության օրը: Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, այդ օրը, տարբեր քաղքներում տարաբնույթ միջոցառումներ իրականացրեց:

Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում՝ պաշտամունքից հետո նշվեց  Հանրապետության օրը` Հայոց պետականության վերականգնման տոնը: Միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին եկեղեցու քրիստոնեական դաստիարակության բաժնի բոլոր խմբերը (մանուկներ, պատանիներ, երիտասարդներ), ինչպես նաև «Փոքրիկ Արեւներ» մանկական խմբի սաները։ Մասնակիցներն իրենց երգերով եւ ասմունքով հայրենասիրության շնչով լցրեցին դահլիճը։ Երեխաները նաեւ փառք տվեցին Աստծուն Հայաստանի համար, մեր ազատ և անկախ Հայաստանի համար, որտեղ կարող են ազատորեն Իրեն պաշտել։

Ավոբյանում, մայսիս 28-ին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու պատանյաց խումբը հյուրընկալել էր Այնթապի ՀԱԵ պատանիներին: Միասնական պաշտամունքը, խաղերը, հյուրասիրությունն ու հաղորդակցությունը ոչ միայն մտերմացրեցին այս երկու քաղաքների պատանիներին, այլեւ ակնհայտ դարձրեցին Աստծո խոսքի շուրջ միաբանության եւ անկախ Հայրենիքում այդ միաբանությունը վայելելու օրհնությունը: