Գեղեցիկի եվ Բարու Պայքարը

Այսօր Արցախը և Հայաստանը պատերազմում են Ադրբեջան կոչվող պետության նախահարձակ բանակի դեմ: Եթե այս իրականության վերին՝ հոգևոր շերտին նայենք, ապա կտեսնենք, որ մեր երկիրը ու մեր ժողովուրդը պատերազմում է չարիքի դեմ, որը մեզ վրա է հարձակվել և ուզում է հաղթել: Մենք պատերազմում ենք անօրենի, ցեղասպանի, բանսարկուի, անմարդկայինի ու անաստվածության դեմ, որը փորձում է ջնջել և սպանել աստվածայինը, ճշմարիտը և գեղեցիկը: Այսքանով հանդերձ պատերազմում ենք ճշմարտությամբ, արդարությամբ, ազնվությամբ, առաքինությամբ ու արժանապատվությամբ: Մենք պատերազմում ենք Աստծո առաջնորդությամբ և Ավետարանի ճշմարտությամբ, քրիստոնեական ըմբռնումով և հավատարմությամբ: Սա բարու պատերազմ է չարի դեմ: Սա նաև գեղեցիկի պատերազմ է հրեշի դեմ: 

Այս մեծ պայքարի մի փոքրիկ ճակատամարտը նկարչուհի և արվեստագետ Մարիամ Դաշտոյանի կողմից է մղվում: Նա լուռ և հաստատակամ կերպով իր բաժին կռիվն է տալիս ու ևս մեկ զարկ ավելացնում Հայ ժողովրդի բազկի հարվածին: Մարիամը Հայ Ավետարանական համայնքի զավակ է, ով, մանկուց կրթված ու հղկված լինելով Ավետարանի արժեքներով, շատ լավ գիտի՝ ինչպես իր աստվածատուր տաղանդներն ու շնորհքները գործի դնել ի փառս Աստծո և ի բարօրություն իր երկրի: 

Նկարչուհու նախաձեռնությամբ արդեն իսկ իր մի քանի կտավներ վաճառվել են, և ամբողջ հասույթը նվիրաբերվել է Հայաստան Համահայկական հիմնադրամին։ Իսկ մյուս կտավները սպասում են իրենց հերթին, որպեսզի ծառայեն հայրենիքի կարիքներին: Դրանցից որոշների ամբողջ հասույթն է փոխանցվելու Հիմնադրամին, որոշների` մի մասը` միտք ունենալով մյուս մասը ծառայեցնել թիկունքը ամրապնդելու գործին։

Ահա այսպես է նաև աստվածատուր բարին պայքարում չարի դեմ, ու գեղեցիկը պայքարում հրեշի դեմ...

Պատ․ Արամ Բաբաջանյան