Համագումար մայրերի եվ դուստրերի համար

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կանանց աշխատանքային խումբն Աստծո օրհնությամբ այս տարի եւս հատուկ համագումար կազմակերպեց մայրերի եւ նրանց 12 տարին լրացած դուստրերի համար: Առաջին անգամ նման համագումար կազմակերպվել էր 2017-ի ամռանը: Դրական արձագանքն ու Աստծո գործի ակնհայտ պտուղները թույլ տվեցին, որպեսզի ծրագիրը շարունականան դառնա: Այս տարվա օգոստոսի 24-26-ը Հայաստանի տարբեր քաղաքներից մոտ 15 մայրեր իրենց դուստրերի հետ Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում էին: Մասնակիցներից ոմանք առաջին անգամ էին համագումարին, որը հրաշալի առիթ դարձավ նրանց համար՝ վերաիմաստավորելու իրենց մայրությունը, իսկ զավակների համար՝ զավակ լինելու Աստվածային չափանիշները: Համագումարի խոսնակը Հուրի Մելքոնյանն էր, ով Աստվածաշնչյան տարբեր հերոսուհիների օրինակով ներկայացրեց չար ու բարի մայրերի չափանիշները, Աստծո կամքն ու այն գործնականում կիրառելու անհրաժեշտությունը: Յուրաքանչյուր թեմա մայրերն ու դուստրերն առանձին քննարկելու հնարավորություն ունեցան: Իսկ քննարկումներից ազատ ժամերին իրենց տաղանդները ցուցադրեցին՝ հելյունագործություն եւ խմորեղեններ պատրաստել սովորեցին: Տուն վերադառնալիս շատերն էին փաստում, որ մինչ այս պատշաճ ուշադրություն չեն դարձրել իրենց զավակների կամ մայրերի հետ հաղորդակցությանը, իսկ համագումարը ստեղծեց այդ առիթը՝ սովորեցնելով Աստծո կամքը այդ հարաբերությունների վերաբերյալ: