Համագումար մայրերի և դուստրերի համար

2019 թվականի մայիսի 8-9 յուրահատուկ էր Հայաստանի տարբեր շրջաններից և Արցախից Հանքավանում հավաքված Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 26 ընտանիքի համար: Մայրերն իրենց 12 տարին լրացած դուստրերի հետ՝ մոտ 70 հոգի, մեկ օր ու գիշեր ոչ միայն միմյանց հետ առանձին ժամանակ անցկացնելու հնարավորություն ունեցան, այլև սերտեցին մոր և դստեր հարաբերությունների Սուրբգրային հիմքերը:

«Մայր և դուստր» համագումարի առաջին օրը սկսվեց ընթրիքով, այնուհետև Փառաբանությամբ ու պատգամով սկսվեց երեկոյան ծրագիրը: ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը, խոսելով Կողոսացիս 2.20-3.4 համարների շուրջ, մասնակիցների ուշադրությունը հրավիրեց համագումարին ներկա լինելու պատճառներին և հորդորեց կենտրոնանալ Աստծո Խոսքի ու Կամքի վրա, մոռանալ աշխարհի սկզբունքներն ու լսել, թե ի՞նչ է ասում Աստված:    

Այնուհետև, համագումարի խոսնակ Հուրի Մելքոնյանը կարճ նախաբանով խոսեց թեմայի և քննարկվելիք նյութերի մասին:

Երեկոյան ծրագիրն ամփոփվեց ծանոթության խաղով, որի ընթացքում մայրերը ներկայացրին իրենց դուստրերին՝ անդրադառնալով նրանց յուրահատկություններին, իսկ դուստրերը՝ մայրերին: Ծանոթության խաղը հուզիչ էր, քանի որ ծնողներից և զավակներից շատերն առաջին անգամ էին բարձրաձայնում իրենց մոր կամ զավակի յուրահատուկ լինելու մասին, ու դա ստիպում էր հակառակ կողմին հուզվել, իսկ մյուսներին քաջալերել, որպեսզի հաճախ բարձրաձայնեն իրենց զգացմունքների մասին:

Համագումարի երկրորդ օրը Հուրի Մելքոնյանը խոսեց մայրության 5 տեսակի մասին, որոնք առանձնացրել են հոգեբանները՝ հորդորելով մայրերին գտնել իրենց տեսակը: Այնուհետև խոսեց քրիստոնյա ընտանիքի 4 հիմքերի և քրիստոնյա մոր հատկանիշների ու քրիստոնեական հիմնական արժեքների մասի՝ հիմնավորելով Աստծո Խոսքով: 

Յուրաքանչյուր թեմա մայրերն ու դուստրերն առանձին խմբերում քննարկելու հնարավորություն ունեցան, ինչն ավելի անձնական անդրադարձի և գործնական որոշումների հնարավորություն տվեց: Դուստրերի համար առանձին դասախոսություն եղավ նաև մեդիայի և դրա ազդեցության մասին:

Համագումարն ավարտվեց ամփոփիչ պաշտամունքով, որի պատգամաբերը՝ Արտաշատի ՀԱԵ հովիվ վեր. Հրանտ Բադալյանը, խոսեց կանանց առաքելության և Աստծուն ծառայելու կարևորության մասին:

«Մայր և դուստր» համագումարն այս տարի անցկացվեց 3-րդ անգամ: Մասնակիցներից շատերը, սակայն, առաջին անգամ էին համագումարին: Նրանց Բոլորի համար սա հրաշալի առիթ դարձավ վերաիմաստավորելու իրենց մայրության կամ դուստր լինելու Աստվածային չափանիշները: