Տեղի ունեցավ ՀԱԵ միության տարեկան ժողովը՝ առցանց

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու միության տարեկան ժողովը 2020թ․-ին, այս տարվա նման աննախադեպ էր։ Առաջին անգամ, միության պատվիրակները հավաքվեցին ոչ թե հոկտեմբերի սկզբին Հանքավանի բնության գրկում՝ Շիին Շողիկ ճամբարում, այլ ամռան կեսին՝ համացանցում, որպեսզի ափոփեն մինչև այս կատարված ծրագրերը, տան ու լսեն հաշվետվություն եկեղեցական կյանքի, ծառայությունների ու նախաձեռնությունների մասին, ինչպես նաև ընտրեն ՀԱԵ բարձրագույն մարմնի՝ Հոգևոր Խորհուրդի (ՀԽ) կազմը։  Մոտ 100 պատվիրակ ՀԱԵ 28 համայնքներից, հուլիսի 4-ին միության տարեկան ժողովին միացան zoom հարթակով ։

Առցանց հանդիպումը սկսվեց ՀԽ նախագահ Վեր․ Գառնիկ Թութիկյանի ողջույնի խոսքով ու օրակարգի ներկայացմամբ, որը հաստատվեց միաձայն։ Թեև ժողովի մասնակիցները Հայաստանի ու Արցախի տարբեր քաղաքներում էին, բայց դա չխանգարեց, որպեսզի մեկ մարդու պես համախմբվեն Տիրոջը պաշտելու և Աստծո Խոսքը լսելու համար։ Ժողովի բացման պաշտամունքի առաջնորդությունը վստահվել էր Գյումրու ՀԱԵ-ին, իսկ պատգամաբերը Երևանում ՀԱԵ հովիվներից՝ Վեր․ Հովհաննես Հովսեփյանն էր։ Վերապատվելին խոսեց հոգևոր հիգիենայի մասին։ Անդրադառնալով Պողոս առաքյալի Տիմոթեոսին և Տիտոսին գրված նամակներում (Տիմոթեոս 1.13, 4.3, 6.3 , Տիտոս 1.9, 1.13, 2.1, 2.2) նրանց ուղղված հորդորներին, և անդրադառնալով վերջին օրերին աշխարհում հնչող կոչերին՝ Վեր․ Հովսեփյանը հորդորեց միության ժողովի մասնակիցներին հետևել ոչ միայն ֆիզիկական, այլ առավել՝ հոգևոր առողջությանը՝ մնալով Հիսուսի Խոսքի ուսուցման մեջ և պահելով հավատքն ու խոսքի ուսուցումը առողջ և՛ իրենց, և՛ ուրիշների համար։  

Առաջին գործնական ժողովը հաշվետու զեկույցների համար էր։ Նախ խոսեց ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր․ Մկրտիչ Մելքոնյանը։ Վերապատվելին զեկույցը սկսեց Եփեսացիս 3․17 համարի շուրջ հոգևոր խորհրդածությամբ և աղոթքով։ Այնուհետև, վեր․ Մելքոնյանը նկատեց, որ նոր տարին նոր մարտահրավերներ նետեց եկեղեցուն։ Հովիվների պատրաստության «Վերնատուն» նախաձեռնությունը միայն մեկ անգամ փետրվարին հնարավորություն ստեղծեց ՀԱԵ հովիվներին մեկտեղ հավաքվելու։ Մարտից սկսած «Վերնատուն»-ը ևս տեղափոխվեց առցանց տիրույթ, ինչպես ՀԱԵ բոլոր պաշտամունքները, ծառայություններն ու Սուրբգրային սերտողությունները։

Վեր․ Գառնիկ Թութիկյանն ամփոփեց ՀԱԵ խորհրդի աշխատանքները, նշելով, որ նախորդ տարվա հոկտեմբերից մինչև այս տարվա հուլիսի 4-ը ՀԱԵ խորհուրդը 7 հանդիպում է ունեցել, 19 որոշում է կայացվել։ Վեր․ Թութիկյանը նաև նկատեց, որ չնայած համաճարակը չեղարկեց բոլոր ծրագրերը, բայց եկեղեցու միաբանությունը չի կորում, տուժում են միայն համայնքի տարեց անդամները, ովքեր ժամանակակից տեխնիկայից օգտվելու հնարավորություն կամ կարողություն չունեն։ ՀԽ նախագահն անդրադարձավ նաև այս տարվանից ՀԽ կազմում ընտրվելու իրավունք ունեցող թեկնածուների նախնական ընտրության կարգին։

Հաշվետու զեկույցներով հանդես եկան նաև ՀԽ գանձապահ Վեր․ Սարգիս Օչինյանն ու ատենադպիր՝ պատ․ Արամ Բաբաջանյանը։ Համաժողովի բոլոր զեկուցողները, ամենից առաջ, իրենց խոսքը սկսեցին աղոթքով։

Առցանց հանդիպումն ընդհատվեց միայն 15 րոպեով՝ ընդմիջման համար։

Գործնական երկրորդ ժողովը սկսվեց Ամերիյայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցչի տեղակալ Արեն Դեյիրմենջյանի զեկույցով։ Արենը անդրադարձավ ՀԱԵ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերին, նոր մարտահրավերներին, ուշադրության արժանացրեց ԱՀԱԸ կողմից նոր ֆոնդի ստեղծումը, որը նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխատանքը կորցրած քաղաքացիներին աջակցելու համար է։ Այս ընթացքում ֆոնդը աջակցություն է ցուցաբերել 450 քաղաքացու, ովքեր կառավարության աջակցության որևէ ծրագրից չեն օգտվել։

Զեկույցով հանդես եկավ նաև ՀԱԵ հովվական հանձնախմբի ղեկավար՝ վեր․ Ալբերտ Փայտյանը։ Նա նկատեց, որ այս տարվա համար բավականին շատ ծրագրեր էին նախապատրաստվել, որոնք, հայտնի պատճառներով չեղարկվեցին։ Վեր․ Փայտյանը հատուկ ուշադրության արժանացրեց Բեյրութի Մերձավոր Արևելքի Աստվածաբանական ճեմարանում այս պահին սովորող ՀԱԵ 2 ուսանողներին, ովքեր հովվության են նախապատրաստվում, և գոհունակությամբ նշեց, որ տղաները ուսումնական տարին փակել են բարձր առաջադիմությամբ։

Հաջորդիվ ՀԱԵ Քրիստոնեական Դաստիարակության բաժնի ծավալուն զեկույցն էր։ Կորոնավիրուսի պատճառով այս բաժնի ծրագրերը ոչ թե չեղարկվել, այլ վերափոխվել են։ ՀԱԵ ՔԴ տնօրեն վեր․ Ավետիք Խաչատրյանը ներկայացրեց առաջին կիսամյակի հաշվետվությունը, քանի որ երկրորդը դեռ ընթացքի մեջ է։ Վերապատվելին հատուկ ուշադրության արժանացրեց այն հանգամանքը, որ ՔԴ բաժնի ծառայողների 68%-ը կամավորներ են։ Փառք տվեց Աստծուն նաև աշակերտաց և որպես առաջնորդ պատրաստվող ծառայողների թվի աճի համար։ ՀԱԵ ՔԴ աշխատակազմի ներկայացուցիչներ Անահիտ Սիմոնյանը, Շուշան Ենգիբարյանն ու Լիլիթ Անտոնյանը, մեկը մյուսին լրացնելով խոսեցին մարտահրավերների, ձեռքբերումների և առաջիկա ծրագրերի մասին։ Թեև, կառավարության որոշմամբ, չեղարկվեցին բոլոր ճամբարները, բայց ՀԱԵ ՔԴ բաժինը օնլայն ճամբարներ կազմակերպելու հրաշալի տարբերակ գտավ։  Դեռեևս իրականություն է միայն առաջին անգամ աշակերտաց խմբերի համար կազմակերպված օնլայն ճամբարը, սակայն մանուկների, պատանիների և երիտասարդների համար ևս հետաքրքիր ծրագրեր են նախապատրաստվում։ 19 արվա ընթացքում առաջին անգամ չտպագրվեց նաև «Շողիկ» մանկապատանեկան ամսագիրը, բայց դա առիթ դարձավ, որպեսզի ամսագրի էլեկտրոնային տարբերակը ստեղծվի։ Այժմ ՔԴ բաժինն աշխատում է նաև shoghik.am կայքնի ստեղծման ուղղությամբ, որը շատ ավելի լայն ու ինտերակտիվ հնարավորություններ կստեղծի «Շողիկի» ընթերցողների համար։

Զեկույցների բաժինն ամփոփեց ՀԱԵ կանանց ծառայությունները համակարգող Էլիզ Բաղդասարյանը։ Տիկին Էլիզը նկատեց, որ կանանց ծառայությունները մեծապես տուժեցին համաճարակի ստեղծած բարդությունների պատճառով։ Միակ ծրագիրը, որ հաջողվեց իրագործել՝ կանանց աղոթքի համաշխարհային օրն էր։ Մյուս բոլոր ծրագրերը՝ մեկօրյա միջանկյալ համագումարները Հայաստանի տարբեր շրջաններում և ամառային համագումարները, որոնք արդեն պլանավորվել էին, չեղարկվեցին։ Ոչ բոլոր վայրերում, բայց շարունակվում են միայն տեղական եկեղեցիների կողմից կանանց խմբերի հետ հանդիպումները՝ առցանց տիրույթում։

Ամփոփիչ զեկույցներին հաջորդեց Հոգևոր Խորհրդի ընտրությունները։ Մասնակիցները նախ դիտեցին թեկնածու հովիվների մասին պատմող տեսանյութը, որից հետո, առցանց տարբերակով, ընտրեցին ՀԱԵ ՀԽ նոր կազմը։  

ՀԱԵ միության տարեկան համաժողովն ավարտվեց փաակման պաշտամունքով, որի փառաբանության բաժնի առաջնորդությունը վստահվել էր Դիլիջանի ՀԱԵ-ին։ Պատգամաբերը ՀԱԵ Գյումրու հոգևոր հովիվ՝ պատ․ Արամ Բաբաջանյանը, խոսեց Եզեկիել 37․1-14 համարների շուրջ։ Պատվելին նկատեց՝ երբ Իսրայելը գերության ու փորձությունների մեջ էր, անելանելի իրավիճակում, Եզեկիելը մարգարեացավ ասելով, որ Տերը չի մոռացել Իր ժողովրդին։ Մահվան ու անորոշության մեջ Տերն Իր զորությունն ու մեծությունն է ցույցտալիս։ «Այսօր էլ, ինչպիսի իրավիճակ ու դժվարություն էլ որ լինի, ասելիքը նույնն է՝ Ես եմ Տերը, որ ամենակարող է և դուք իմ ժողովուրդն եք»․ քաջալերանքով եզրափակեց պատգամը պատ․Արամ Բաբաջանյանը։

Տարեկան ժողովը եզրափակվեց ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր․ Մկրտիչ Մելքոնյանի շնորհակալության խոսքով և աղոթքով։ Վերապատվելին շնորհակալություն հայտնեց համագումարի բոլոր մասնակիցներին, ՀԽ անդամներին՝ նախագահ վեր․ Գառնիկ Թութիկյանի գլխավորությամբ, ու նաև առցանց համաժողովի սպասարկումն ապահոված աշխատակիցներին՝ Ֆլորա Սուքոյանին ու Ցոլինե Միքայելյանին։ Վեր․ Մկրտիչ Մելքոնյանը փառք տվեց Աստծուն, որ ևս մեկ տարի Իրեն ծառայելու և Իր շնորհով կյանք ունենալու հնարավորություն եղավ։