Սուրբ Մկրտության արարողություն ՀԱԵ-ում

«Մկրտությամբ Նրա հետ մահվան մեջ թաղվեցինք, որ ինչպես Քրիստոսը Հոր փառքով հարություն առավ մեռելներից, այնպես էլ մենք կյանքի նորոգության մեջ քայլենք»: Հռոմեացիներին 6.4

Օգոստոսի 7-ին, Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Վանաձորի համայնքի 6 ներկայացուցիչներ իրենց ուխտը կապեցին Աստծո հետ եւ իրենց հավատքի մասին համայնքի առջեւ վկայեցին Սուրբ Մկրտությամբ, որը տեղի ունեցավ Շիրակամուտում։ Արարողությանը ներկա էին Վանաձորի և Շիրակամուտի ՀԱԵ հոգեւոր հովիվները՝ Պատ. Կարեն Օչինյանը, Պատ. Վարդան Ափինյանը և Վեր․Գևորգ Գասպարյանը։ Մկրտության պաշտամունքին եւ արարողությանը հաջորդեց Սուրբ Հաղորդությունը։

Օգոստոսի 27-ին Դիլիջանում մկրտությունը տեղի ունեցավ հենց  ՀԱԵ եկեղեցաշենքում: Առաջին անգամ նույն սրահի մեջ կատարվեցին երկու խորհուրդներն էլ։ Փառաբանության պաշտամունքին հաջորդեց Սուրբ Մկրտության արարողությունը: 16 հոգի Դիլիջանի եւ 2 հոգի Իջեւանի ՀԱԵ համայնքի ներկայացուցիչներ, Վերապատվելիներ Ալբերտ Փայտյանի եւ Գառնիկ Թութիկյանի աղոթքից հետո, հրավիրվեցին ավազանի մոտ, որտեղ եկեղեցու հոգևոր հովիվը կոչ արեց մկրտվողներին բարձրաձայն կրկնել իրենց դավանանքը, որ ընդունում են Հիսուս Քրիստոսին որպես իրենց անձնական Տեր և Փրկիչ ու խոստանում հնազանդ լինել Աստծու պատվիրաններին, ինչպես որ գրված է աստվածաշնչում, և ծառայել իրենց Փրկչին՝ Հիսուսին, հնազանդվելով  Սուրբ Հոգու առաջնորդությանը։ Այնուհետև հավատացյալները մկրտվեցին Սուրբ Երրորդության անունով։ Մկրտության արարողությանը հաջորդեց Սուրբ Հաղորդությունը։ 

Օգոստոսի 6-ին և Սեպտեմբերի 26-ին մկրտության արարողություն տեղի ունեցավ Սիսիանի ՀԱԵ-ում:  Մկրտվողները 7-ն էին, եւս 2-ը մկրտության ուխտի նորոգություն աղոթք արեցին: Մկրտության պաշտամունքից հետո, որը տեղի ունեցավ եկեղեցաշենքում, մասնակիցները մեքենաներով տեղափոխվեցին Սիսիանի Ուրուտ գյուղի հանքային ջրերի ավազանը, որտեղ և տեղի ունեցավ մկրտության արարողությունը՝ Պատվելի Արման Մարտիրոսյանի եւ Վեր. Սարգիս Օչինյանի առաջնորդությամբ:

Հ.Գ.-  Սուրբ Մկրտությունը Հայաստնյայց Ավետարանական եկեղեցու երկու խորհուրդներից մեկն է: Տարին մեկ անգամ Հայաստանի եւ Արցախի բոլոր Հայաստանյայց Ավետարանական  եկեղեցիներում կատարվում է մկրտության արարողություն: Մկրտության հայտի համար հիմք է համարվում մկրտվողի գրավոր դիմումը, հարցազրույցը եւ որեւէ ուղղադավան եկեղեցում մկրտված չլինելու փաստը, քանի որ ՀԱԵ-ն վերամկրտություն չի կատարում: Մկրտության դիմումը լրացնելուց եւ հարցազրույցն անցնելուց հետո, մկրտության թեկնածուն հատուկ դասընթաց է անցնում, որի ընթացքում սովորում է մկրտության խորհուրդը՝ Ասվածաշնչյան հիմքերով, նշանակությունը հավատացյալի կյանքում, մկրտվող անձի պարտականությունները Աստծո, եկեղեցու եւ համայնքի նկատմամբ: Սուրբ Մկրտությունը կատարվում է ջրի գործածությամբ, կախված տեղանքից եւ հարմարություններից, կարող է լինել լողավազանում կամ գետում, կամ եկեղեցու սրահում՝ քիչ ջրի գործածությամբ: Մկրտությունը կատրվում է համայնքի ներկայությամբ, միայն ձեռնադրյալ հովվի կողմից, Սուրբ երրորդության անունով: